Դեյլ Քարնեգին հայտնի էր իր՝ «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա» գրքով: Նա հավատում էր, որ բոլոր մարդիկ արժանի են ուշադրության և հարգանքի, քանի որ նրանք ի սկզբանե արժեքավոր են՝ որպես մարդիկ: Դեյլ Քարնեգիի ինստիտուտը ստեղծվել է նրա սկզբունքները ուսուցանելու նպատակով։
Մի անգամ Դեյլ Քարնեգիի ինստիտուտը երեկոյան դասեր էր անցկացնում բիզնես մասնագետների համար՝ սովորեցնելով նրանց լինել ընկերասեր և կապեր հաստատել մարդկանց հետ: Երբ ուսանողները հանձնում էին թեստը, նրանց մեկ հարց անսպասելիորեն ապշեցրեց։ Անսպասելի հարցը սա էր. «Ի՞նչ է այն կնոջ անունը, ով միշտ մաքրում է նախասրահը, երբ դասից դուրս եք գալիս»: Ուսանողները բազմիցս անցել էին նրա կողքով, երբ տուն էին գնում դասի ավարտից հետո, բայց նրանց մտքով չէր էլ անցել ուշադրություն դարձնել այդ կնոջ վրա, թեև դասի ընթացքում սովորում էին, թե ինչպես պետք է ընկերական լինել և կապեր հաստատել: Նրանք ենթադրել էին, թե իրենց նոր հմտությունները պետք է օգտագործեն միայն կարևոր մարդկանց հետ կապեր հաստատելու համար։
Մարդու արժեքն՝ ըստ քրիստոնեության
Բոլոր մարդիկ, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, մեկ մարմնի՝ Քրիստոսի մարմնի անդամներ են. «Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա, ո՛չ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով» (Գաղատացիների 3.28):
Ղուկասի Ավետարանը պատմում է մի զրույցի մասին, երբ Հիսուսը մեջբերում է. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ:” Օրենսգետը հարցրեց նրան. «Իսկ ո՞վ է իմ մերձավորը» (Ղուկասի 10.29)։ Հարցը նշանակալից էր, քանի որ օրենսգետը ենթադրում էր, որ պետք չէ բոլորին սիրել։ Նա կարծում էր, որ պատվիրանն իրենից պահանջում էր սիրել միայն որոշակի խմբի մարդկանց:
Բոլոր մշակույթների մարդիկ շատ նման բարոյականության չափանիշներ ունեն։ Նրանք գիտեն, որ գողությունը, սպանությունն ու ճնշելը սխալ են։ Սակայն նրանք չեն մտածում, որ բոլորն արժանի են արդար վերաբերմունքի։ Գուցե ընկերոջից չգողանան, բայց անծանոթից գողանան։ Գուցե սեփական ազգից մարդ չսպանեն, բայց օտարին սպանեն։ Գուցե նրանք չճնշեն իրենց հարազատներին, բայց ճնշեն իրենց կողմից արհամարհված ազգային պատկանելության մարդկանց։
Քրիստոնյաները հավատում են, որ յուրաքանչյուր մարդ Աստծո պատկերով է՝ անչափելի արժեքով:
Ամեն անգամ, երբ հրեշտակը հայտնվում էր մարդկանց, ինչպես գրված է Սուրբ Գրքում, նրա առաջին խոսքերն էին. «Մի՛ վախեցիր», որովհետև նրա ներկայությունը աննկարագրելի էր ու զարմանահրաշ: Երբեմն մարդիկ ընկնում էին հրեշտակների առաջ՝ երկրպագելու մղումով[1]։ Բայց մարդիկ ավելի կարևոր են, քան հրեշտակները ( Ա Կորնթացիների 6.3):
Գուցե հանդիպեք մի մարդու, ով ցածր խավի մուրացկան է, անկիրթ, անխելք, վատ բնավորությամբ, հմտություններից զուրկ, առանց ազդեցության, զզվելի արտաքինով և վանող անհատականությամբ, սակայն նա նույնպես որոշումներ է կայացնում, որոնք կարող են ունենալ հավիտենական արժեք: Եթե նա փրկագնվի Աստծո կողմից, կդառնա ավելի մեծ մեկը, քան շատ այլ մարդիկ[2]: Ուստի նա արժանի է հարգանքի։
► Ուսանողը խմբի համար կարդում է Գաղատացիների 3.28 խոսքը:
Այս խոսքը նշում է երեք եղանակ, որոնցով հաճախ դասակարգում են մարդկանց՝ ազգությունը, սոցիալական դասն ու սեռը: Սոցիալական դասը ներառում է տնտեսական մակարդակը: Մենք կարող ենք ավելացնել այլ դասակարգումներ, ինչպիսիք են՝ տարիքը, կրթական մակարդակը և հմտությունները: Այս դասակարգումներից ոչ մեկը չի ազդում Աստծո կողմից մարդուն տրված արժեքի վրա:
► Կարո՞ղ է ինչ-որ մեկը լինել ավելի արժեքավոր, քան մյուսները: Բացատրե՛լ։
Բարձր ինտելեկտով, կրթությամբ, հմտություններով, ֆիզիկական ուժով, առաջնորդական փորձով կամ փող ունեցող անձն ավելի արժեքավոր է որոշակի բաների հասնելու համար: Սակայն այդ հատկանիշների պատճառով մարդուն որպես մարդ ավելի արժեքավոր դասելը սխալ է։ Այդ հատկանիշները գործնական արժեք ունեն, բայց Աստծո պատկերով ստեղծված մարդկության հիմնական էությունն անչափելի և հավերժական արժեք ունի։
[1]Օրինակ՝ Հայտնության 22․8-9․ «Եվ ես՝ Հովհաննեսս, այս բաները լսողն ու տեսնողը, երբ լսեցի ու տեսա, ընկա, որ երկրպագեմ այն հրեշտակի ոտքերի առաջ, որ այս բաները ցույց էր տալիս ինձ։ Եվ նա ինձ ասաց. «Զգուշացի՛ր, մի՛ արա այս, որովհետև ես ծառայակից եմ քեզ, քո եղբայր մարգարեներին և այս գրքի մարգարեության խոսքերը պահողներին. Աստծո՛ւն երկրպագիր»։
[2]Ա Կորնթացիների 15-րդ խոսքը բացատրում է քրիստոնյաների մարմինների հրաշալի վերափոխումը, որը տեղի կունենա հարության ժամանակ։
Նախապաշարմունք
Մարդիկ հակված են կարծելու, որ որոշակի ազգային խմբի պատկանող մարդկանց ներկայացուցիչներից բոլորն ունեն հատուկ առանձնահատկություններ: Երբեմն այս պնդումներն արվում են՝ կապված մաշկի գույնի հետ, օրինակ՝ «Սպիտակամորթ մարդիկ միշտ ________» կամ «Սևամորթները բոլորը ________ են»:
Երբեմն պնդումները վերաբերում են ազգությանը, օրինակ՝ հաիթիացիները կամ գերմանացիները, ճապոնացիները: Երբեմն դա ավելի որոշակի է, ինչպես, օրինակ, ցեղային անվանումը կամ ազգի ներսում գտնվող էթնիկ խումբը:
Այն պնդումները, որոնք արվում են մարդկանց կատեգորիաների մասին, երբեմն հաճոյախոսական են լինում, բայց ավելի հաճախ քննադատական են: Նման պնդումներով մեջ հիմնականում հասկացնում ենք, որ այդ խմբի բոլոր անդամները որոշակի թերություններ ունեն։
Ահա մարդկանց քննադատական հայտարարությունների օրինակներ էթնիկ խմբերի կամ ազգությունների վերաբերյալ: Տարբեր էթնիկ խմբերի անուններ կարող էին լինել դատարկ տեղերում:
________ ծույլ են։
________ հաճախ են հարբում։
________ հնարավորության դեպքում գողություն կանեն։
________ հաճախ են կռվում։
________ գործը երբեք լավ չեն ավարտում։
________ բավականաչափ խելացի չեն դպրոցում լավ սովորելու համար։
________ արագ են բարկանում։
________ մշտապես ստում են։
Ակնհայտ է, որ ազգամիջյան տարբերություններ կան, և դրանք ավելին են, քան ֆիզիկական արտաքինը։ Մի էթնիկ խումբը կարող է գերազանցել որոշակի սպորտաձևերով կամ աշխատանքի տեսակներով՝ իրենց ֆիզիկական և մտավոր կարողությունների շնորհիվ:
Ազգային խումբն ունի մշակութային առանձնահատկություններ: Մշակույթը մարդկանց սովորեցնում է որոշակի իրավիճակներին արձագանքել որոշակի ձևերով, ուստի մենք սովորում ենք որոշակի գործողություններ ակնկալել որոշակի մշակույթների մարդկանցից:
Խմբի ֆիզիկական և մշակութային առանձնահատկությունները նկատելը սխալ չէ։ Այնուամենայնիվ, սխալ է դատել մարդու բնավորությունը նրա ազգային պատկանելության կամ մշակույթի պատճառով: Ցանկացած ազգության ներկայացուցիչ կարող է լինել աստվածահաճ, ազնիվ ու բարի։ Սխալ կլինի նրան վերաբերվել իբր վատ բնավորություն ունեցողի, երբ նրան որպես անհատ չեք ճանաչում:
Մեր անձնական փորձառությունները ազդում են այլ մարդկանց նկատմամբ մեր վերաբերմունքի վրա: Եթե մեկ այլ էթնիկ խմբի մարդիկ վատ են վերաբերվում ինչ-որ մեկի հետ, այդ անձը կարող է սկսել մտածել, թե այդ խմբի բոլոր անդամները նույնն են։ Այդ տպավորությունն ավելի է ուժեղանում, եթե տվյալ էթնիկ խմբի կողմից անհատը բազմիցս արժանանում է վատ վերաբերմունքի կամ եթե վատ փորձը տեղի է ունենում երիտասարդության տարիներին:
Երկու էթնիկ խմբերի միջև երկարատև հակամարտությունները կարող են առաջ բերել մարդկանց սերունդներ, որոնք նախապաշարմունքներ են ունենում միմյանց նկատմամբ:
Երբ երեխան լսում է իր ծնողների և այլ մեծահասակների խոսակցությունները որևէ էթնիկ խմբի մարդկանց մասին, վաղ տարիքից ձևավորվում է այդ էթնիկ խմբի վերաբերյալ նրա սխալ կարծիքը:
Քրիստոնյան պետք է ուսումնասիրի էթնիկ խմբերի հանդեպ իր վերաբերմունքը և աղոթի, որ Աստված օգնի իրեն դրսևորել արդարություն ու սեր։ Մենք պետք է հիշենք, որ Աստված հոգ է տանում ուրիշների համար այնպես, ինչպես հոգում է մեզ համար և չի գոհանում, եթե անարդարացիորեն ենք վերաբերվում նրանց:
Նախապաշարմունքներ ծառայության մեջ
Հին Կտակարանի Հովնանի պատմությունը մեծ դաս է մեզ համար: Հովնանը պատմում է, թե ինչու է փախել Աստծուց.
«Աղոթք արեց Տիրոջն ու ասաց. «Օ՜, Տե՛ր, սա չէ՞ր, ինչ որ ասում էի, քանի դեռ իմ երկրում էի։ Դրա համար շտապեցի փախչել Թարսիս, որովհետև գիտեի, որ դու ողորմած, գթառատ, երկայնամիտ ու բազումողորմ Աստված ես և կզղջաս չարիքի համար։ Եվ հիմա, ո՛վ Տեր, աղաչում եմ, ա՛ռ ինձանից իմ հոգին, որովհետև մեռնելս ապրելուցս լավ է» (Հովնանի 4.2-3):
Հովնանն Աստծուց փախավ ասորիների հանդեպ իր խորապես արմատացած ատելության պատճառով, և որովհետև գիտեր, որ Նինվեի բնակչության շրջանում գործելու համար իրեն ուղղված Աստծո կոչը նշանակում էր, որ հավանականությունը մեծ էր, որ Աստված բարի ու ողորմած կգտնվեր նրանց հանդեպ։
Ռասայի սոցիալական հայեցակարգը աստվածաշնչյան հասկացություն չէ: Աստվածաշունչն ուսուցանում է, որ բոլոր մարդիկ մեկ ռասա են՝ մարդկային ցեղ։ «Նա մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին. սահմանեց նախակարգյալ ժամանակները և նրանց բնակության սահմանները» (Գործք Առաքելոց Առաքելոցի 17.26)։
Աստված կոչ է անում եկեղեցուն, որ Ավետարանը հասցնի երկրի վրա գտնվող յուրաքանչյուր էթնիկ խմբի (Գործք Առաքելոց Առաքելոց 1.8): Մարդկային հոգու արժեքը նույնն է՝ անկախ ազգային պատկանելությունից:
Անհարգալից վերաբերմունք մարդկանց կատեգորիաների հանդեպ
Քանի որ մարդիկ հակված են կառչելու իրենց երկրային, աշխարհիկ առաջնահերթություններից, նրանք մարդկանց արժեքը սխալ սահմանելու միտում ունեն: Բազմաթիվ հասարակություններ որոշ մարդկանց դասակարգում են որպես պակաս կարևոր և նրանց վերաբերվում են այնպես, կարծես նրանք մարդուց ցածր կարգավիճակ ունեն։
Ստորև բերված է տարբեր հասարակությունների կողմից անհարգալից վերաբերմունքի օրինակներ: Այս գործելակերպերից մի քանիսը պատմական են, մյուսները դեռևս կիրառվում են:
Մարդկանց կատեգորիաների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի իրական օրինակներ.
Տարեցներն այլևս պիտանի չեն, ուստի նրանց թողնում են մեկուսացված վայրերում՝ մահանալու։
Մարդիկ գնում են տարբեր էթնիկ խմբերի անձանց՝ որպես ստրուկների, և կարող են վաճառել կամ նրանց հետ վարվել այնպես, ինչպես որ կամենան:
Ձեռնարկությունները գրություններով ցուցանակներ են փակցնում, որ աշխատանքի չեն ընդունի որոշակի ազգային պատկանելության մարդկանց:
Կանայք համարվում են իրենց ամուսինների սեփականությունը, որոնց հետ պետք է վարվել այնպես, ինչպես ամուսինն է որոշում:
Նորածին աղջիկներին թողնում են մահանալ, քանի որ ընտանիքները տղաներ են ուզում ունենալ:
Երկրի իշխանությունը զինվորներ է ուղարկում որոշակի շրջան՝ սպանելու որոշակի ազգության բոլոր մարդկանց:
Երեխաները լքված են, քանի որ ունեն մտավոր կամ ֆիզիկական արատներ:
Մի երկիր օրենքներ ունի, որոնք արգելում են կնոջը մեքենա վարել կամ բարձրագույն կրթություն ստանալ:
Մարդիկ, ովքեր խոսում են ընդհանուր ազգային լեզվով, բայց որը դպրոցում ուսուցանվող լեզու չէ, իրավունք չունեն իրենց անունից խոսել պետական գրասենյակներում:
Մարդկանց աշխատանքի են ընդունում անգլիական, ոչ թե աֆրիկյան անուններ ունենալու պատճառով։
Հայրերը կարող են աղջիկներին վաճառել ստրկության կամ մարմնավաճառության:
Երեխաներին սպանում են ծնվելուց առաջ, քանի որ մայրերը պատրաստ չեն զավակներ ունենալու:
Որոշ փիլիսոփայություններ և կրոններ նպաստում են մարդկանց որոշակի կատեգորիաների նկատմամբ վատ վերաբերմունքի տարածմանը:
Աթեիստ էվոլյուցիոնիստները չեն հավատում, որ մարդիկ հատուկ ստեղծված են Աստծո պատկերով: Նրանք կարծում են, թե ժամանակակից մարդիկ զարգացել են մրցակցության և մարդկության ավելի թույլ ու ոչ խելացի տարատեսակների ոչնչացման ճանապարհով: Նրանք հավատում են, որ «ուժեղների գոյատևումն» է մեր տեսակին պատկանող մարդուն ստեղծել։ Եթե դա ճիշտ լիներ, ապա տեղին կլիներ, որ մարդիկ շարունակեին ոչնչացնել մարդկության ավելի թույլ տեսակներին: Բայց մենք գիտենք, որ բոլոր մարդիկ ստեղծվել են Աստծո պատկերով, հետևաբար, յուրահատուկ են Աստծո համար:
Աշխարհի շատ երկրներ բժիշկներին թույլատրում են սպանել երեխաներին մինչև ծնվելը: Որոշ իշխանություններ նույնիսկ պահանջել են սպանել երեխաներին չափից ավելի մեծ թվով բնակչության պատճառով: Շատ երկրներում մայրերը բժիշկներին խնդրում են սպանել իրենց երեխաներին մինչև ծնվելը, քանի որ իրենք լավ իրավիճակում չեն երեխա ունենալու համար: Սա այն տեսակի մարդու արժեքի և իրավունքների անտեսումն է, ով չի կարող խոսել կամ պաշտպանել իրեն:
Կրոնները, ինչպիսիք են՝ հինդուիզմը և բուդիզմը, կարծում են, թե մարդիկ տառապում են նախորդ կյանքում իրենց կատարած սխալ արարքների պատճառով: Նրանք հավատում են, որ ճնշված մարդիկ արժանի են իրենց ունեցած կարգավիճակին։ Նրանք մտածում են, որ եթե մարդը տառապանքներին ու ճնշումներին լավ դիմանա, հաջորդ անգամ կարող է ավելի լավ կյանք ունենալ։ Այդ կրոնները փոքր տեղ են տալիս ճնշված մարդուն օգնելուն, քանի որ կարծում են, թե մարդն անցնում է անհրաժեշտ գործընթացով։
Սխալ փիլիսոփայություններն ու կրոնները մարդկանց դրդում են հանդուրժել մարդկային խավերի նկատմամբ սարսափելի վատ վերաբերմունքներ: Հասարակությունները նորմալ են համարում սոցիալական ծայրահեղ անարդարության պայմանները։ Քրիստոնյաները տարբերվում են նրանցից։ Քրիստոնեական վարդապետությունն, ըստ որի մարդ հատուկ արարվել է Աստծո պատկերով, ապահովում է մարդկային արժեքի միակ ճիշտ հիմքը:
► Որևէ կատեգորիայի մարդկանց նկատմամբ ո՞ր անհարգալից վերաբերմունքն է սովորական ձեր հասարակության մեջ:
Բարի դրացին
Ինչպես Հիսուսի առակներից շատերը, այնպես էլ «Բարի սամարացու» պատմությունը (Ղուկասի 10.29–37) ցնցող էր ունկնդիրների համար։ Երբ Նա պատմեց, թե ինչպես քահանան ու ղևտացին առանց օգնելու անցան վիրավորի կողքով, ոչ ոք չզարմացավ։ Քահանաներն ու ղևտացիները կրոնական կառույցի մի մասն էին, բայց մարդիկ մտածում էին, որ նրանք ապականված են փողի և իշխանության պատճառով։
Լսողներն սպասում էին, որ երրորդ անձն է լինելու պատմության հերոսը, բայց նրանք ապշած ու հիասթափված էին, որ դա սամարացի է։ Սամարացիները էթնիկապես խառնուրդ ազգ էին, և իրենց կրոնում խառնիխուռն հավատալիքներ ունեին։ Հրեաները նրանց արհամարհում էին այդ երկու հատկանիշների համար:
Հիշո՞ւմ եք, որ մի հրեա օրենսգետ Հիսուսին հարցրեց. «Իսկ ո՞վ է իմ մերձավորը»։ Նա ցանկանում էր, որ Հիսուսը մատնանշեր մարդկանց, ում պետք է սիրեր՝ սահմանելով մի նեղ կատեգորիա: Ինչպես աշխարհի շատ մարդիկ, նա կարծում էր, թե իր բարոյական պարտավորությունները միայն ընտրյալ կատեգորիայի մարդկանց համար են, և որ ինքը չպետք է հոգ տանի ուրիշների մասին։
Հիսուսը պատասխանեց հարցին՝ ցույց տալով, որ մենք պետք է հոգանք ամեն մարդու համար, ում հանդիպում ենք։ Ցանկացած մարդ, ում հանդիպում ենք, մեր դրացին է: Բայց Հիսուսը պատասխանեց նաև մի հարցի, որը ոչ ոք չէր տվել. «Ո՞վ է բարի դրացին» կամ «Ինչպիսի՞ մարդը կարող է նման սեր դրսևորել»։ Նա ցույց տվեց, որ հասարակության կողմից չհարգված մարդը կարող է լինել մեկը, ով հաճեցնում է Աստծուն, և ցուցաբերում է այն սերը, որն Աստված ուզում է տեսնել։
Հակոբոս առաքյալը զգուշացնում է եկեղեցուն, որ մարդկանց պատիվ տալը չարվի ըստ աշխարհի չափանիշների:
► Ուսանողը խմբի համար կարդում է Հակոբոսի 2.1-9 հատվածը: Այս պատմության նման ի՞նչ եք տեսել, որ անում են եկեղեցիները։
Շատ մարդիկ, ովքեր կարևոր են համարվում երկրի վրա, Աստծո կողմից պատվի արժանացած մարդիկ չեն: Շատ մարդիկ, ովքեր հաճեցնում են Աստծուն, պատվի չեն արժանանում երկրի վրա։ Հիսուսն ասաց, որ հավիտենության մեջ շատերի կարգավիճակները կփոխվեն (Մատթեոսի 19.30):
Երբ քրիստոնյա եղբայրները հավաքվում են, աղքատը ձեռք է բերում այնպիսի կարգավիճակ, որը չունի աշխարհում, քանի որ նրան հարգում են որպես քրիստոնյա եղբայր։ Հարուստը կորցնում է այն կարգավիճակը, որն ունի աշխարհում, որովհետև նրա փողը նրան վեր չի դասում եկեղեցու մյուս անդամներից (Հակոբոսի 1.9-10):
Ստրկություն
Ստրկությունն այն վիճակն է, երբ մեկ անձը մեկ այլ անձի սեփականությունն է համարվում: Շատ երկրներում, որտեղ ստրկությունը թույլատրվում է, ստրուկը զրկված է մարդկային տարրական իրավունքներից: Սեփականատերը կարող է ստրուկի հետ անել այն, ինչ ուզում է, կարծես՝ ստրուկը կենդանի է կամ մեքենա: Ստրուկի սեփական ցանկություններն ու հավակնությունները ենթարկվում են տիրոջ կամքին: Ամուսինն ու կինը կարող են բաժանվել իրենց տիրոջ կողմից, իսկ երեխաներին կարող են խլել ծնողներից:
Հին Կտակարանում Աստված սահմանափակել է ստրկությունը և պաշտպանել ստրուկի որոշակի իրավունքներ (Ելք 21.1-11, 26-27): Այն ժամանակներում ստրուկի իրավունքների պաշտպանությունն անսովոր մի երևույթ էր։ Նոր Կտակարանում Աստված ասաց, որ ինքը բոլոր մարդկանց տերն է, ոչ մեկին չի բարեհաճում կարգավիճակի պատճառով, և որ ստրուկների տերը պետք է լինի բարի և արդար (Եփեսացիների 6.9): Այն սկզբունքը, ըստ որի ստրուկին պետք է վերաբերվել այնպես, ինչպես արժան է յուրաքանչյուր անհատի, ի վերջո հանգեցրեց ստրկության վերացմանն այն ազգերի մեջ, որոնց վրա մեծ ազդեցություն է ունեցել Աստվածաշունչը:
Ստրկությունը տարբեր ձևերով դեռևս գոյություն ունի շատ վայրերում: Օրինակ՝ որոշ վայրերում ծնողները երեխաներին վաճառում են աշխատանքի կամ սեռական շահագործման համար։ Երբեմն երեխաները հանձնվում են հեթանոսական տաճարներին՝ որպես հիվանդություններից կամ անեծքներից ազատվելու դիմաց փոխհատուցում: Երբեմն կանանց իրենց կամքին հակառակ պահում են մարմնավաճառության մեջ։ Երբեմն մարդկանց մաքսանենգորեն տեղափոխում են այլ երկիր՝ ստրկացնելու նպատակով։
Տնտեսական ճնշում
Տնտեսական ազատությունից զուրկ վայրում պայմանները մասամբ կարող են նմանվել ստրկության: Մարդիկ չունեն իրենց սեփական գործը սկսելու ու զարգացնելու ազատություն։ Հնարավորությունները քիչ են, որ մարդն իր գործը փոխի մեկ այլ՝ ավելի լավ գործով։ Որոշ տղամարդիկ աշխատում են այնպիսի աշխատավարձով, որը հազիվ է կերակրում իրենց ընտանիքին: Նրանք հազվադեպ են տարրական սննդից բացի այլ բան գնում: Նրանք չեն կարող իրենց թույլ տալ բժշկական օգնություն։ Ինչքան էլ քրտնաջան աշխատեն, երբեք չեն կարողանա ավելի լավ տան մեջ ապրել, քանի որ փողը երբեք չի բավականացնում նրանց կարիքներին։ Նրանց գործատուները ավելի շատ չեն վճարում, քանի որ միշտ կարող են գործի համար գտնել ցածր վարձատրությանը համաձայնող մարդկանց:
Տնտեսական ճնշումը բարդ երևույթ է և միայն գործատուների մեղքով չի լինում: Որոշ երկրներում կան մեծ թվով մատչելի աշխատողներ, բայց քիչ են գործարաններն ու խոշոր բիզնեսները: Եթե կառավարությունը կաշառակեր է, դա կարող է խանգարել խոշոր բիզնեսի մեկնարկին՝ պահանջելով բարձր հարկեր ու կաշառքներ: Եթե շատ բիզնեսներ թույլատրվեին, աշխատողների աշխատավարձն ավելի բարձր կլիներ, քանի որ աշխատողները կարող էին ընտրել, թե որտեղ աշխատեն, և ձեռնարկությունները ստիպված կլինեին գրավել նրանց ավելի լավ աշխատավարձով ու պայմաններով: Քանի որ քիչ բիզնեսներ են թույլատրվում, և աշխատողները աշխատանքի տեղավորման քիչ տարբերակներ ունեն, գործատուներն իրենց աշխատողներին վճարում են ցածր աշխատավարձ: Աշխատողները բավականաչափ չեն վաստակում իրենց ֆինանսական կարիքները հոգալու համար։
Երկրի իշխանությունների իմաստը ժողովրդին ծառայելն է՝ պաշտպանելով նրան հարձակումներից և ամրապնդելով նրա ազատությունները: Մարդու հիմնական ազատություններն են՝ կարծիք արտահայտելու, կրոնական դավանանքի, շահույթ ստանալու համար աշխատելու ու սեփականություն ունենալու իրավունքը: Այն մարդուն, ում չի թույլատրվում անել դրանք, չեն վերաբերվում որպես լիարժեք մարդու:
Երբեմն մի ինչ-որ երկրի քրիստոնյաները նման պայմաններն ընդունում են որպես սովորական և չեն փորձում օգնել տնտեսապես ճնշված մարդկանց:
Ջամիլան ապրում էր մի փոքրիկ գյուղում, որտեղ աշխատանք չկար: Նա իր երեք երեխաներին թողեց տատիկի մոտ և գնաց քաղաք՝ ամսական 50 դոլարով հովվի տանը որպես աղախին աշխատելու։ Նա հազվադեպ էր տեսնում իր երեխաներին: Շատերը ճիշտ չէին համարի, որ մայրն այդպես բաժանվի իր երեխաներից, բայց նույնիսկ քրիստոնյաները վարձում են Ջամիլայի իրավիճակում գտնվող մեկին: Նրանք զարմանում են, թե ինչու պետք է ավելի շատ վճարեն, երբ ինչ-որ մեկը պատրաստ է աշխատել այդ գումարի դիմաց։ Ինչո՞ւ պետք է անհանգստանան նրա՝ երեխաներից բաժանված լինելու պատճառով, եթե նա է ընտրություն կատարում՝ թողնելու նրանց և աշխատելու:
Ամովսի գրքում մի քանի անգամ խոսվում է տնտեսական ճնշումների մասին։ Ամովսի 5.11-12-ում մարգարեն խոսում է կաշառքների մասին, որոնք դատավորներին ստիպում են բռնել փողով մարդու կողմը, և արդարությունը անհասանելի է դառնում աղքատներին: Ամովսի 8.4-6-ում մարգարեն դատապարտում է այն մարդկանց, ովքեր կեղծ չափումներ են օգտագործում աղքատ մարդկանց խաբելու համար: Ամովսի 4.1-ում նա ասում է, որ կանայք նույնպես մեղավոր են, եթե նրանք ապրում են շքեղության մեջ, որն իրենց ամուսինները ձեռք են բերել աղքատներին ճնշելու միջոցով: Մարգարեն ասում է, որ արդարությունը պետք է հորդի վարար գետի պես (Ամովսի 5.24), այսինքն՝ պետք է լինի առատ և հասանելի բոլորին:
Մարդու արժեքը և իշխանության դերերը
Այն, որ յուրաքանչյուր մարդ անսահմանորեն արժեքավոր է, չի նշանակում, որ մարդկանց մեջ չպետք է լինի իշխանության կառույց։ Հավասար արժեք չի նշանակում՝ հավասար իշխանություն։ Օրինակ, թեև Երրորդության յուրաքանչյուր անձ լիովին և հավասարապես Աստված է, Որդին ենթարկվում էր Հորը (Հովհաննեսի 6.38): Աստված պատվիրել է կնոջը հնազանդվել ամուսնուն. դա չի նշանակում, որ նա ամուսնուց ցածր է (Եփեսացիների 5.22): Աստված երեխաներին ասել է, որ հնազանդվեն իրենց ծնողներին. դա չի նշանակում, որ նրանք ստորադաս են իրենց ծնողներից, պարզապես իրենց զարգացման փուլն է այլ (Եփեսացիների 6.1):
Աստված հաստատել է իշխանություն (Հռոմեացիների 13.1-5): Նա նաև իշխանություն է հաստատել եկեղեցում (Եբրայեցիների 13.17):
Բոլոր առաջնորդները պետք է հիշեն, որ իրենք ծառաներ են (Մատթեոսի 20.25-28): Առաջնորդելով ծառայել՝ նշանակում է առաջնորդել ի շահ նրանց, ովքեր հետևում են: Առաջնորդը չի առաջնորդում իր շահի համար, այլ զոհաբերում է իր շահը՝ իրեն հետևողներին ծառայելու համար:
► Ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ ինչ-որ իմաստով որոշ մարդիկ ավելի կարևոր դերեր ունեն, քան մյուսները, մինչդեռ մեկ այլ առումով բոլոր մարդիկ հավասար կարևորություն ունեն:
Կիրառություններ քրիստոնյաների համար
Համոզվե՛ք, որ եկեղեցին հոգ տանի բոլոր մարդկանց մասին։
Արդյոք տարեցներին հիշում և օգնո՞ւմ են այնպես, ինչպես պետք է:
Արդյոք երեխաներին գնահատում և ուսուցո՞ւմ են, խրախուսո՞ւմ են իրենց հասունության մակարդակի համեմատ:
Ձեր եկեղեցում ընդունված ու պատշաճ վերաբերմունքի արժանացա՞ծ են աղքատները:
Դուք խուսափո՞ւմ եք եկեղեցում մարդկանց պատվելուց՝ իրենց հարստության կամ հասարակության մեջ ունեցած կարգավիճակի պատճառով:
Արդյոք բոլոր ազգային խմբերի մարդիկ ընդունվա՞ծ են՝ մասնակցելու եկեղեցու ընկերակցությանը, կյանքին և ծառայությանը:
Ձեր տարածքում կա՞ ազգային մի խումբ, որին պետք է ավետարանել:
Կա՞ն մարդիկ, ովքեր ճնշված են ձեր հարևանության մեջ, ովքեր կարիք ունեն ինչ-որ մեկի, ով պաշտպանի իրենց:
Քրիստոնյա ընտանիքը պետք է ցույց տա բոլոր մարդկանց արժեքը։ Պետք է հարգել և՛ ամուսնուն, և՛ կնոջը։ Պետք է հաշվի առնել նրանց կարիքները: Երեխաներին չպետք է անտեսել կամ չկարևորել: Երեխաներին պետք է պատշաճ կերպով խրատել։ Դուք իրավունք չունեք բռնություն գործադրելու ձեր երեխայի կամ կնոջ նկատմամբ, ինչպես որ իրավունք չունեք ձեր հարևանի հետ այդպես վարվելու:
Մենք պետք է օգնենք աղքատներին այնպես, որ ամրապնդենք նրանց արժանապատվությունը։ Մի՛ տրվեք հասարակության այն սովորություններին, որ ինքներդ հարգանքի եք արժանի, մինչդեռ նվաստացնում եք աղքատներին: Եթե աղքատ մարդուն առաջարկում եք արդար ճանապարհ՝ վաստակելու այն, ինչ իրեն պետք է, նրա արժանապատվությունը պաշտպանված է լինում, քանի որ նա ընտրություն ունի, և կարող է աշխատել շահույթի դիմաց: Լավագույն օգնությունն աղքատներին իրենց վիճակը փոխելու հնարավորություն տալն է։
Հին Կտակարանի մարգարեներն ընդգծել են, որ Աստված ցանկանում է, որ իր ժողովուրդը ազատի ճնշվածներին (Եսայիայի 58.6):
Նոր Կտակարանը շեշտում է այն փաստը, որ Հիսուսը եկավ աղքատների մեջ: Նա ծնվել է մի վայրում, որտեղ կենդանիներ էին պահում։ Նրա ընկերների և հետևորդների մեծ մասը աշխատավոր ու աղքատ մարդիկ էին։ Հիսուսը հոգատարություն դրսևորեց իր հասարակության աննշան մարդկանց՝ աղքատներին, բորոտներին, որբևայրիներին, օտարերկրացիներին և երեխաներին։ Նա ասաց, որ եկել է աղքատներին բարի լուր բերելու: Նա ասաց, որ Ավետարանը կազատի ճնշվածներին։
Եկեղեցու վաղ օրերից ի վեր քրիստոնյաները ակտիվ գործունեություն են ծավալել իրենց հասարակություններում: Նրանք լքված երեխաներին տարել են իրենց տները, ստրուկների են ազատել և օգնել հիվանդներին։ Նրանք հոգ են տարել այն մարդկանց համար, որոնց հասարակությունները անարժեք են համարել:
Հիսուսն ասաց, որ մենք պետք է աղոթենք, որ Աստծո թագավորությունը գա, և որ Նրա կամքը կատարվի երկրի վրա, ինչպես որ երկնքում է (Մատթեոսի 6.10): Մենք գիտենք, որ բոլոր ճնշումները կվերջանան, երբ Աստծո Թագավորությունը լիովին գա երկրի վրա։ Միևնույն ժամանակ, պետք է խնդրենք Աստծո միջամտությունը աշխարհի տարբեր անկյուններում ապրող ճնշված մարդկանց համար:
Խմբային քննարկում
Խմբերի մեծ մասի համար այս թեման շատ քննարկումներ կառաջացնի: Որոշ ուսանողներ կարող են ուժգին վերապրումներ ունենալ այն ամենի վերաբերյալ, ինչ նրանք զգացին կամ նկատեցին:
► Ինչպե՞ս կփոխվի ձեր վերաբերմունքն այլ էթնիկ խմբերի հանդեպ, եթե հիշեք, որ յուրաքանչյուր մարդ արժեքավոր է Աստծո համար:
► Ի՞նչը կցանկանայիք նախկինում այլ կերպ արած լինել, քանի որ այժմ գիտեք մարդկային արժեքի ճշմարտության մասին: Խրախուսե՛ք ուսանողներին ավելի շատ արտահայտվել իրենց նոր որոշումների, քան ուրիշների արածների հանդեպ իրենց վրդովմունքի մասին:
► Ինչպե՞ս պետք է մարդու արժեքավոր լինելն ազդի եկեղեցական ծառայության վրա:
Աղոթք
Երկնայի՛ն Հայր,
Շնորհակալություն մեզ Քո կերպարով ու յուրահատուկ ստեղծելու համար: Օգն՛իր ինձ հարգել բոլոր մարդկանց: Օգնի՛ր ինձ ապաշխարել ցանկացած նախապաշարմունքից և վրդովմունքից, որ ունեմ մարդկանց հանդեպ:
Ես աղոթում եմ, որ Դու արդարություն հաստատես ամբողջ աշխարհում նրանց համար, ովքեր սխալ վերաբերմունքի են արժանանում իրենց ազգային պատկանելության, սեռի, տարիքի կամ այլ հատկանիշների պատճառով:
Օգնի՛ր ինձ՝ պաշտպանելու ճնշված մարդկանց և ներգործելու իմ հասարակության վրա, որպեսզի քո արդարությունը հաստատեմ բոլորի համար: Օգնի՛ր մեր եկեղեցուն և յուրաքանչյուր անհատ քրիստոնյայի՝ հատուկ ձևերով ցույց տալու Քո սերն աշխարհի հանդեպ:
Ամեն։
Դաս 11. Առաջադրանքներ
(1) Գրե՛լ եկեղեցու՝ հասարակության մեջ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը փոխելու իր աստվածատուր պատասխանատվության մասին:
Ի՞նչ պետք է անի ձեր եկեղեցին:
Ի՞նչ պետք է անեն անհատ քրիստոնյաները։
Ի՞նչ եք անելու դուք։
(2) Ուսումնասիրե՛ք Երկրորդ Օրինաց 24.10-22 հատվածը։ Թվարկե՛ք այն հրամանները, որոնք վեր են հանում մարդու արժեքը: Բացատրե՛լ յուրաքանչյուր հրամանի դիտավորությունը:
Free to print for ministry use. No changes to content, no profit sales.
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
No Changes – Course content must not be altered in any way.
No Profit Sales – Printed copies may not be sold for profit.
Free Use for Ministry – Churches, schools, and other training ministries may freely print and distribute copies—even if they charge tuition.
No Unauthorized Translations – Please contact us before translating any course into another language.
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom.