Դր. Ռոբերթսոն Մաքքուիլքինը տասներկու տարի ծառայել է Ճապոնիայում՝ որպես միսիոներ: Հետագայում նա դարձավ Կոլումբիայի միջազգային համալսարանի նախագահը։ Նա հայտնի էր որպես գրող, բանախոս և մանկավարժ։ Նրա կինը՝ Մյուրիելը, տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ Երբ հիվանդությունը հասավ այն վիճակին, որ Մյուրիելը մշտական խնամքի կարիք ուներ, դր. Մաքքուիլքինը հրաժարվեց համալսարանի նախագահի պաշտոնից՝ իր կնոջը խնամելու համար: Նա ասաց, որ կատարում է այն խոստումը, որն ամուսնանալիս տվել է կնոջը։ Նա հավատում էր, որ կնոջ մասին հոգալն ավելի կարևոր է, քան համալսարանի նախագահի պաշտոնում մնալը։
Ամուսնության հաստատումը Աստծո կողմից
Ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից Իր ստեղծած առաջին տղամարդու և կնոջ համար:
► Ուսանողը խմբի համար կարդում է Ծննդոց 2.21–24 հատվածը։ Ի՞նչ են մեզ ասում այս հատվածներն ամուսնության մասին:
Ամուսնությունը ստեղծվել է Աստծո կողմից, որպեսզի լինի ճիշտ այն, ինչ անհրաժեշտ էր մարդկանց: Այն նախատեսված էր հենց մարդկային էության համար։ Այն ամենը, ինչ Աստված նախագծում է, և այն ամենն, ինչ պահանջում է, լավագույնն է մեզ համար (Բ Օրենք 6.24): Աստված գիտի, որ ամուսնության Իր ծրագիրը յուրաքանչյուր կողակցի համար լավագույնս կապահովի զգացմունքային, հաղորդակցական ու հոգևոր բարօրություն:
Ամուսնությունը նախատեսված է նաև լինելու Աստծո բնավորության և հարաբերությունների արտացոլանքը: Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված միշտ եղել են և կլինեն միմյանց հետ հարաբերությունների մեջ: Յուրաքանչյուրը եզակի է Իր դերում, բայց Երրորդության բոլոր Անձերը մշտապես Մեկ են և Մեկ էություն ունեն: Երրորդության Անձերի հարաբերություններում մենք տեսնում ենք միասնություն, մտերմություն, հավատարմություն և ամուր սեր: Աստվածաշնչյան ամուսնությունն այս զարմանահրաշ հարաբերություններն է ընդօրինակել: Աստծո ծրագիրն այն է, որ ամեն ամուսին ու կին մաքուր լինի իր սիրո մեջ ու հավատարիմ ամբողջ կյանքի ընթացքում:
Աստված ասաց, որ ամուսնության մեջ տղամարդն ու կինը թողնում են իրենց ծնողներին և միանում իրար։ Ամուսնությունը երկու անձի դնում է այնպիսի ընկերակցության և գործունեության մեջ, որն ավելի ամուր ու մտերիմ է, քան ցանկացած մարդկային հարաբերություն:
Ամուսնությունն ընդամենը երկու անձի սահմանափակ գործընկերության մեջ միասին լինելը չէ: Նրանց կյանքերն այնպես են միաձուլվում, որ ինչ-որ առումով նրանք նման են լինում մեկ մարդու։ Դա ոչ թե նրանց եզակի անհատականությունների վերացում է, այլ յուրահատուկ միասնություն։
Ամուսնության մշտականությունը
Աստված նախատեսել է, որ ամուսնությունը լինի հարատև: Ամուսնության մեջ տղամարդն ու կինը խոստանում են հավատարիմ լինել միմյանց այնքան ժամանակ, քանի դեռ երկուսն էլ ողջ են:
Աստվածաշունչն արձանագրում է Հիսուսի խոսքերn ամուսնության մասին փարիսեցիների հետ զրույցում։
► Ուսանողը խմբի համար կարդում է Մատթեոսի 19.3-8 հատվածը։
Հիսուսն ասաց, որ Աստված նախատեսել էր ամուսնության մշտական լինելը։ Նա ասաց, որ ապահարզանը հաստատվել է այն մարդկանց համար, ովքեր չեն հետևում Աստծուն։
Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու է Աստված նախատեսել, որ ամուսնությունը մշտական լինի, որոնցից մի քանիսի մասին խոսեցինք նախորդ բաժնում: Ամուսնությունը հարատև լինելու մեկ այլ պատճառն էլ երեխաներն են: Ամուսնության վերաբերյալ Աստծո ծրագրին հնազանդվելը ստեղծում է երեխաներին մեծացնելու լավագույն միջավայրը: Երբ ծնողները պատվում են Աստծուն՝ հնազանդվելով ամուսնության և ընտանիքի Նրա սկզբունքներին, նրանք կարողանում են աստվածավախ զավակներ դաստիարակել (Մաղաքիա 2.15)։
Աստված մարդկային կյանքն այնպես է նախագծել, որ մի քանի տարի է պահանջվում երեխաների հասունացման համար։ Այդ ընթացքում երեխաները կախված են լինում ծնողներից՝ իրենց պաշտպանության, ապահովման և ուսման առումով: Կենդանիների մոտ այդպես չէ, նրանք հասունանում են մեկ կամ երկու տարում: Մարդկանց ավելի շատ ժամանակ է պետք հասուն բնավորություն ձևավորելու համար։ Աստված ընտանիքն ստեղծել է որպես երեխաների դաստիարակության միջոց: Հասարակության խնդիրներից շատերը գալիս են ընտանիքներում հավատարիմ ծնողների բացակայությունից:
Ամուսնությունը մարդկանցից պահանջում է իրենց ամբողջ կյանքը միմյանց նվիրելու խոստում տալ: Յուրաքանչյուր մշակույթ ունի ձևեր ու արարողություններ, որոնց միջոցով ցույց է տրվում ամուսնության լրջությունն ու կարևորությունը: Արարողությունը տղամարդու և կնոջ համար հրապարակայնորեն հայտարարելու միջոց է, որ իրենք ստանձնում են այդ նվիրվել միմյանց մինչև կյանքի վերջ:
Պետությունների մեծ մասը պահում է ամուսնությունների գրանցման արձանագրությունները: Ամուսնության մասին օրենքներն ազդում են սեփականության, երեխաների խնամակալության և ժառանգության վրա:
Ահա հարսանեկան երդումների բազում օրինակներից մեկը.
«Ես ընտրում եմ քեզ՝ որպես իմ կողակից [ամուսին կամ կին] լինելու ու պահելու քեզ այս օրվանից ի վեր. լավ, վատ, ավելի հարուստ, ավելի աղքատ, հիվանդության և առողջության մեջ սիրելու և փայփայելու, մինչև մահը կբաժանիր մեզ՝ ըստ Աստծո սուրբ որոշման. և դրա համար ես ուխտի մեջ եմ մտնում քեզ հետ»:
Ռոմանտիկ հույզերը մշտական չեն։ Ամուսնությունը չի կարող հիմնված լինել անձնական զգացմունքների վրա, որոնք փոփոխական են: Ամուսնական երդման միջոցով տղամարդն ու կինը խոստանում են միմյանց հավատարիմ լինել, քանի դեռ երկուսն էլ կենդանի են, և այդ խոստումը կախված չէ որևէ պայմանից:
Ամուսնությունը որպես քրիստոնեական համագործակցություն
► Ուսանողը խմբի համար կարդում է Ա Կորնթացիների 6.14-18 հատվածը:
Այս խոսքերը մեզ ասում են, որ քրիստոնյայի նվիրումը վնասվում է, եթե նա չափազանց սերտ կապեր է ունենում անհավատների հետ: Ինչպես քրիստոնյան չի կարող երկրպագել Սատանային պաշտող մեկի հետ, նա չի կարող հետևել անհավատների ապրելակերպին ու առաջնահերթություններին: Նախազգուշացումը կարող է վերաբերել տարբեր տեսակի հարաբերություններին՝ ներառյալ գործարար ընկերակցությանը:
Ամուսնությունը մարդկային ամենամտերիմ համագործակցությունն է: Քրիստոնյան նույնիսկ չպետք է մտածի մեկի հետ ամուսնանալու մասին, ով նվիրյալ քրիստոնյա չէ (Ա Կորնթացիների 7.39, Բ Կորնթացիներին 6.14-18): Անհավատի հետ ամուսնացած քրիստոնյան ցավեր ու բազում խոչընդոտներ կունենա երեխաներ մեծացնելու և ապրելակերպի որոշումներ կայացնելու հարցերում:
Եթե ամուսինն ու կինը երկուսն էլ քրիստոնյա հավատացյալ են, բայց տարբեր եկեղեցիներից են եկել, նրանք պետք է համոզվեն, որ հոգևոր կարևոր հարցերի շուրջ միակարծիք են: Նրանք պետք է պլանավորեն, որ նույն տեղական եկեղեցու մի մասն են կազմելու ամուսնանալուց հետո:
► Ինչո՞ւ է ամուսնությունն սկսվում ոչ միայն սիրո հայտարարությամբ, այլև՝ երդումներով:
Բարոյականության չափանիշն՝ ըստ Աստծո
► Ուսանողը խմբի համար կարդում է Եբրայեցիների 13.4 խոսքը:
Այս խոսքը մեզ ասում է, որ ամուսնությունը պետք է արժանանա պատվի ու հարգանքի: Սեռական մեղքն ամուսնության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է: Աստված կդատի սեռական անբարոյականությունը:
Սեռական մեղքերը ներառում են՝ պոռնկությունը, շնությունը, համասեռամոլությունը և պոռնոգրաֆիայի գործածումը։ Անառակությունը սեռական հարաբերություն է այն մարդկանց միջև, ովքեր ամուսնացած չեն: Շնությունը սեռական գործողություն է ուրիշի հետ ամուսնացած անձի հետ: Համասեռամոլությունը կամ միասեռականությունը նույն սեռի անձանց միջև սեռական ակտիվությունն է: Պոռնոգրաֆիան ներառում է տպագրված նյութեր, նկարներ և տեսանյութեր, որոնք նախատեսված են սեռական կրքեր առաջ բերելու՝ մերկության կամ սեռական գործողության ցուցադրությամբ: Այս ամենն ամուսնական հարաբերությունների սկզբունքների խախտումներ են։
► Ուսանողը խմբի համար կարդում է Ա Կորնթացիների 6.9-10 հատվածը:
Յուրաքանչյուր հասարակություն ունի մշակութային հայացքներ տղամարդկանց և կանանց փոխհարաբերությունների վերաբերյալ: Մշակութային այդ հայացքներն ավելի ցածր չափանիշներ ունեն, քան աստվածաշնչյան բարոյականության չափանիշները: Շատ մշակույթներ ունեն միայն կանոնակարգված հասարակություն պահելու համար անհրաժեշտ օրենքներ: Նրանք հանդուրժում են սեռական մեղքը, եթե այն կառավարվում է բավականին զգուշորեն՝ վատ հետևանքներից կամ խայտառակությունից խուսափելու համար: Բարոյականության աստվածաշնչյան չափանիշն այլ է։
Ցավոք սրտի, որոշ եկեղեցիներ աստվածաշնչյան բարոյականության փոխարեն հետևում են իրենց մշակույթի բարոյականությանը: Նրանք պատժում են մարդկանց, ում մեղքերն ակնհայտ ու անփույթ են դարձել, բայց նույն մեղքերը հանդուրժում են ավելի զգուշորեն վարվողներին։
Այս սուրբգրային խոսքերը մեզ ասում են, որ մարդիկ, ովքեր գործում են այդ մեղքերը, քրիստոնյա չեն և երկինք չեն գնա: Կորնթացի հավատացյալներից ոմանք նախկինում գործել էին այդ մեղքերը, բայց փրկվել էին դրանցից:
Ցանկացած վարդապետություն, որն արդարացնում է այս մեղքերից որևէ մեկը քրիստոնյա համարվող անձի համար, կեղծ է: Եթե մարդն իրեն քրիստոնյա է անվանում, սակայն սեռական մեղք է գործում, ապա ըստ Սուրբ Գրքի՝ եկեղեցու ավագներից պահանջվում է հեռացնել նրան համայնքից և քրիստոնյա չհամարել (Ա Կորնթացիների 5.11-13):
Եկեղեցու առաջնորդները պետք է վարքի լավ օրինակ ծառայեն: Երբ եկեղեցին թույլ է տալիս, որ փառաբանության առաջնորդները անհամեստ հագնվեն կամ եկեղեցում թույլատրում է պարի զգայացունց ձևեր, ուրեմն նրանք ենթադրում են, որ կրքեր արթնացնելը նորմալ է: Նրանք ենթադրում են, որ սեռական մեղքը լուրջ չէ, այլ սովորական մի երևույթ է։
Ինչ-որ հասարակության հագուստի ոճերը կարող են ակնարկել, որ կինը լավ չի հագնված, եթե նրա հագուկապը սեքսուալ առումով գրավիչ չէ, նրա մարմնի մեծ մասը մերկացված չէ: Եկեղեցու անդամները երբեմն ընկնում են այս սխալի մեջ, հատկապես հատուկ առիթների ժամանակ: Նրանք կարծում են, թե լավ չեն հագնված, քանի դեռ չեն հետևում իրենց հասարակության նորաձևությանը: Եկեղեցին պետք է սովորեցնի, որ դա սխալ է։ Քրիստոնյան չպետք է ուզենա սխալ ցանկություններ առաջացնել ուրիշների մեջ։ Ա Տիմոթեոսի 2.9-10-ն ասում է մեզ, որ քրիստոնյաները պետք է հագնվեն և վարվեն այնպես, որ նրանց տեսնող ամեն մեկն իմանա, որ նրանք ապրում են զգույշ, մաքուր կյանքով և չեն ցանկանում մեղք գործել կամ ուրիշներին ստիպել մեղք գործել: Հարկ է, որ քրիստոնյա «...կանայք իրենք իրենց զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությանբ և պարկեշտությամբ…»։
Օգնություն մեղավորին
Գաղատացիների 6.1-ն ասում է, որ եկեղեցին պարտավոր է փորձել վերականգնել մի անդամի, ով մեղք է գործել: Դա չի նշանակում, թե տվյալ անձը կմնա ծառայության իր պաշտոնում կամ մեղանչելուց հետո արագ կվերադառնա ծառայության։ Վերականգնում նշանակում է՝ վերադառնալ եկեղեցու ծածկոցի, հաղորդակցության և հոգածության մեջ: Եթե անդամն իսկապես զղջում է, նա ներվում է Աստծո և եկեղեցու կողմից: Եկեղեցին պետք է հոգևոր առումով հաշվետու լինի անձի համար, որպեսզի օգնի նրան մնալ հաղթական ու աճել հոգևորապես :
Եթե չամուսնացած աղջիկը հղիանում է, եկեղեցին չպետք է նրան զրկի եկեղեցու ընկերակցությունից և հոգատարությունից՝ առանց հոգևոր վերականգնման փորձեր ձեռնարկելու: Եթե նա զղջում է և իր հոգևոր կյանքի համար սկսում է հաշվետու լինել, նա ներվում է: Նրա մեղքն ավելի վատը չէ, քան այն տղամարդու մեղքը, ով մեղսակից է եղել: Երբեմն աղջկա նկատմամբ դաժան են վերաբերվում միայն այն պատճառով, որ նրա մեղքի արդյունքը տեսանելի է լինում։
Եկեղեցին հավատի ընտանիք է։ Եկեղեցու համար բավարար չէ մեղքերը դատապարտելը։ Եկեղեցին պետք է հոգ տանի իր անդամների մասին: Օրինակ, եթե մի կին իր ֆինանսները հայայթում է մեղավոր գործունեությամբ, եկեղեցին ոչ միայն պետք է ասի նրան, որ գործունեությունը սխալ է, այլև պատրաստ լինի՝ օգնելու նրա կարիքները հոգալուն, եթե վերջինս ապաշխարի:
Իրական դեպք…
Մի քանի աղջիկ հաճախում էին մի մեծ եկեղեցի և երգում երգչախմբում: Նրանք աղքատ ընտանիքներից էին։ Աղջիկներն անբարոյական կապերի մեջ էին մտել տղամարդկանց հետ, որպեսզի գումար վաստակեին իրենց ընտանիքներին օգնելու համար։ Ի՞նչ պետք է անի եկեղեցին այս իրավիճակում։
► Ի՞նչ պետք է անի ձեր եկեղեցին, որպեսզի օգնի մարդկանց՝ թողնելու մեղավոր ապրելակերպը:
Պոռնոգրաֆիա
Պոռնոգրաֆիան տպագրված նյութեր, նկարներ և տեսանյութեր են, որոնք նախատեսված են՝ առաջ բերելու սեռական բուռն ռեակցիաներ՝ մերկության կամ սեռական գործողության ցուցադրությամբ:
Համացանցը ամբողջ աշխարհում հեշտությամբ հասանելի է դարձնում պոռնոգրաֆիան: Տեխնոլոգիաների համատարած գործածությունը պոռնոգրաֆիան գայթակղություն է դարձնում այն մարդկանց համար, ում չեն սովորեցրել քրիստոնեական սկզբունքները կիրառել այդ հարցում։ Բազմաթիվ հասուն հովիվներ և առաջնորդներ երբեք չեն հանդիպել այդ գայթակղություններին, քանի որ համացանցը հասանելի չէր իրենց, երբ երիտասարդ էին: Նրանք հազիվ թե հասկանան, թե ինչի է առերեսվում երիտասարդ սերունդը։
Պոռնոգրաֆիան սխալ է, քանի որ այն նախատեսում է հաճույք պատճառել մարդուն՝ պոռնկության, շնության և սեռական այլասերվածության բազմաթիվ տեսակների բացահայտ ցուցադրությամբ։ Այն գրավիչ է մեղավոր ցանկություններ ունեցողի համար։ Պոռնոգրաֆիան հրավիրում և հնարավորություն է տալիս մարդուն հաճույք ստանալ անբարոյական արարքներից, որոնք դատապարտված են Աստծո կողմից։
Պոռնոգրաֆիան առաջացնում է կախվածություն: Պոռնոգրաֆիա օգտագործող մարդը ուժգին ձևով զգում է դրա կարիքը։ Նա դժվար է պատկերացնում առանց դրա ապրելը։ Նրան թվում է, թե կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլինի առանց պոռնոգրաֆիայից ստացած երևակայությունների։ Ինչպես ցանկացած այլ կախվածություն, ցանկությունը դառնում է կլանող, և գործածողը սկսում է զոհաբերել իր կյանքի լավագույն բաները:
Պոռնոգրաֆիան աստիճանաբար ավելի է կլանում: Գործածողին պետք են նյութեր, որոնք գնալով ավելի անպատկառ ու այլասերված են լինում: Նա սկսում է հիանալ երևակայություններով, որոնք նախկինում զզվանք կամ սարսափ կպատճառեին իրեն։
Պոռնոգրաֆիան կործանարար է։ Այն շարունակաբար դիտելով՝ մարդ կորցնում է նորմալ հարաբերությունները վայելելու ընդունակությունը: Նրա ցանկություններն այնքան անբնական են դառնում, որ երբեք չեն կարող բավարարվել։ Նա անտարբեր է դառնում ուրիշների նկատմամբ բռնության հանդեպ։
Հովիվներն ու ծնողները պետք է երիտասարդներին զգուշացնեն կախվածության վտանգի մասին։ Ծնողները պետք է թույլ չտան, որ իրենց երեխաներն անսահմանափակ մուտք ունենան դեպի համացանց, երբ նրանք գայթակղությանը դիմակայելու հասունություն չունեն: Յուրաքանչյուր ոք, ով պայքարում է պոռնոգրաֆիա գործածելու գայթակղության դեմ, պետք է իրեն հաշվետու պահի իր խնամակալին և պարբերաբար զեկուցի այդ անձին իր վիճակի մասին:
► Ի՞նչ գործնական քայլեր պետք է խորհուրդ տալ մարդկանց՝ օգնելու նրանց պաշտպանվել պոռնոգրաֆիայի կախվածությունից: Ինչպե՞ս կարող է եկեղեցին օգնել:
Միասեռականություն
Որոշ ժամանակակից հասարակություններ, որոնք մերժում են Աստվածաշնչի հեղինակությունը, մերժում են նաև ամուսնության աստվածաշնչյան բնութագիրը: Նրանք ասում են, որ մարդիկ ազատ են՝ ընտրելու նույն սեռի հետ հարաբերություններ:
Աստվածաշունչը դատապարտում է միասեռականությունը։
► Խումբը միասին դիտարկում է Հռոմեացիների 1.26–27, Ա Տիմոթեոսի 1.10 և Ա Կորնթացիների 6.9-10 խոսքերը։
Աստվածաշնչի այս երեք հատվածները միասեռական վարքագիծը ներառում են մեղքերի վատագույն տեսակների ցանկում: Այդ մեղքերին հետևող մարդիկ մերժում են Աստծո իշխանությունը:
Ոմանք պնդում են, թե իրենք բնականորեն միասեռական հակումներ ունեն։ Նրանք ասում են, որ իրենց չպետք է մեղադրել տվյալ վարքագծի համար, քանի որ իրենք չեն ընտրել այդ ցանկությունները:
Աստվածաշունչը սովորեցնում է, որ յուրաքանչյուր մարդ հետևել է մեղք գործելու բնական հակմանը (Եսայիայի 53.6): Աստված կոչ է անում մեզ ապաշխարել մեր սեփական կամավոր մեղքերից (Եսայիայի 55.7): Քանի որ մենք ծնվել ենք մեղսալի բնությամբ, չենք կարող վստահել մեր բնական ցանկություններին, որ առաջնորդեն մեզ: Մարդը կարող է զգալ պոռնկության, բռնություն գործադրելու կամ գողանալու ուժգին բնական հակում, բայց բնական մղումը չի նշանակում, թե ցանկությունը ճիշտ է:
Նախքան ամուսնությունը բարոյական մաքրությամբ Աստծուն պատվելու սկզբունքներ
Երիտասարդները նախքան ամուսնանալը բախվում են ուժեղ գայթակղությունների: Նրանց համար կարևոր է հիշելը, որ այնպիսի կյանքի ընկերոջ կարիք ունեն, ով կարող է հավատարիմ լինել[1]: Նրանք չպետք է մտերման այն մարդու հետ, ով ցանկանում է կարճատև հաճույք ստանալ՝ առանց ամուսնության։ Նրանք չպետք է մտածեն հարաբերությունների մասին մեկի հետ, ով նվիրյալ քրիստոնյա չէ (Ա Կորնթացիների 7.39): Նրանք պետք է մտածեն միայն այն մեկի մասին, ով կլինի հավատարիմ կողակից և լավ ծնող:
Երիտասարդը, ով ցանկանում է լավ ամուսնական կյանք ունենալ, պետք է լինի հավատարիմ, նվիրված քրիստոնյա, որպեսզի գրավի ճիշտ կողակցի[2]: Մարդը լավ բնավորություն է ցուցաբերում համապատասխան վարքով և համեստ հագուստով (Ա Տիմոթեոսի 2.9-10): Հակառակ սեռի մարդկանց հետ անզգույշ վարվող մարդիկ ցույց են տալիս, որ պատրաստ են հարաբերություններ հաստատել սխալ ցանկությունների հիմքի վրա[3]։ Մարդը, ով հագնվում է այնպես, որ սխալ ցանկություններ է առաջացնում, գրավում է սխալ տեսակի մարդկանց[4]:
Աստված երիտասարդներին տվել է ծնողներ, հովիվներ և այլ քրիստոնյա առաջնորդներ՝ նրանց ուղղորդելու վարքագծի, հագուստի ու հարաբերությունների ընտրության հարցում: Երբ երիտասարդները հնազանդվում են այդ առաջնորդներին՝ հնազանդվելով Աստծուն, ստանում են Աստծո մեծագույն օրհնությունները և պաշտպանված են լինում տարբեր վնասներից ու գայթակղություններից:
► Ուսանողը խմբի համար կարդում է Ա Պետրոսի 5.5 և Եբրայեցիների 13.17 հատվածները:
Երեխաների ու երիտասարդների պարտականությունն է՝ ենթարկվել իրենց ծնողների և հոգևոր հեղինակությունների իմաստությանն ու առաջնորդությանը: Այդ առաջնորդները պարտավորություն են կրում՝ օգնելու երիտասարդներին, որպեսզի ապրեն գայթակղությունները հաղթանակած կյանք:
► Միասին կարդալ Հռոմեացիների 13.14 և Ա Կորնթացիների 10.13 հատվածները:
Աստված թույլ չի տալիս, որ քրիստոնյաները լինեն գայթակղության այնպիսի իրավիճակներում, որին չեն կարողանա դիմակայել կամ շրջանցել, եթե կամենան: Երիտասարդները պատասխանատու են գայթակղությունից փախչելու համար (Բ Տիմոթեոսի 2.22): Այնուամենայնիվ, ծնողները պետք է հնարավորինս կանխեն իրենց երիտասարդների՝ անհարկի գայթակղությունների ենթարկվելը: Առնվազն երեք եղանակով են ծնողներն անում դա.
(1) Հատուկ ցուցումներ տալով այն մասին, թե երեխաները ինչ պետք է անեն և ինչ չպետք է անեն, ում հետ պետք է լինեն և ուր գնան (Եփեսացիների 6.1-4): Ծնողները չպետք է թույլ տան իրենց երեխաները հայտնվեն այնպիսի իրավիճակներում, որում նրանց հասունությունը բավարար չի լինի՝ պաշտպանելու գայթակղությունից: Օրինակ, եթե երիտասարդ տղան ու աղջիկը մենակ են լինում մի առանձին վայրում, նրանք, ամենայն հավանականությամբ, կգայթակղվեն ու սխալ վարքագիծ կդրսևորեն:
(2) Գայթակղության ոլորտներում իրենց երիտասարդներին հաշվետու պահելով։
Ծնողները պետք է սովորեցնեն իրենց երիտասարդ զավակներին մտածել՝ հաշվի առնելով աստվածաշնչյան սկզբունքները (Առակների 4.1–9, 7.1, Առակների 4-5)։ Նրանք պետք է զրուցեն այն վտանգների մասին, որ տեսնում ու նկատում են։ Նրանք պետք է օգնեն իրենց երիտասարդներին խորհել տարբեր ընտրությունների մասին, որոնք պետք է կատարեն: Նրանք կարող են օգնել իրենց զավակներին, որ ժամանակից շուտ մտածեն, թե ինչպես խուսափել գայթակղություններից և ինչ անել, երբ գայթակղություններ ունենան:
Եկեղեցին պետք է տարբերվի իր երկրի մշակույթից, երբ պաշտպանում է աստվածաշնչյան բարոյականությունը: Շատ մշակույթներ լուրջ չեն վերաբերվում սեռական մեղքին: Նրանք ակնկալում են, որ չամուսնացած երիտասարդները սեռական հարաբերություններ ունենան մինչև ամուսնությունը։ Եկեղեցին չպետք է փոխզիջման գնա այդ մեղքի հետ։ Եկեղեցին չպետք է ենթադրի, որ երիտասարդների շրջանում սեռական մեղքը նորմալ է։ Աստված ասում է, որ նրանք, ովքեր անբարոյական են, քրիստոնյա չեն (Եփեսացիների 5.3-7, Եբրայեցիների 13.4):
Մինչև ամուսնությունը շփումների շրջանը սեռական կապի մեջ մտնելու ժամանակը չէ: Դրա փոխարեն տղամարդն ու կինն այդ ժամանակն օգտագործում են՝ համոզվելու, որ ունեն նույն հոգևոր և աստվածաշնչյան առաջնահերթությունները: Դա այն շրջանն է, երբ նրանք ավելի լավ են հասկանում միմյանց, ինչն էլ նրանց հնարավորություն է տալիս բավականաչափ վստահել միմյանց՝ փոխադարձ մշտական պարտավորություն ստանձնելու համար: Եթե նրանք չեն կարողանում հասնել միմյանց բնավորության այդ վստահությանը, պետք է դադարեցնեն շփումներն ու չամուսնանան:
Որոշ հասարակություններում մարդիկ հետաձգում են ամուսնությունը, քանի որ նրանց մշակույթն ակնկալում է, որ ամուսնությունը բարդ, թանկ արարողություն լինի: Հաճախ զույգերը տարիներ շարունակ ապրում են միասին և երեխաներ ունենում՝ միաժամանակ ձգձգելով ամուսնությունը: Որոշ զույգերի հարսանիքի ծախսերը երկարաժամկետ ֆինանսական վնաս են հասցնում, քանի որ իրենց ունեցածը ծախսում են հարսանեկան միջոցառման համար կամ պարտքով են գումար վերցնում: Եկեղեցին պետք է լինի հավատի համայնք, որն առաջարկում է ամուսնության այլ օրինակ: Քրիստոնեական ամուսնությունն այն տղամարդու և կնոջ համար է, ովքեր նվիրված են միմյանց ու Աստծուն, և այն չպետք է պահանջի մեծ ծախսեր, որոնք հետաձգեն հարսանիքը կամ վնասեն զույգի ապագան:
► Որո՞նք են այն ձևերը, որոնցով քրիստոնեական ամուսնությունը պետք է տարբերվի հասարակության ամուսնական սովորույթներից:
[1]Տե՛ս Առակների 31.11-12, Ա Տիմոթեոսի 3.12, Մաղաքիայի 2.14-16, Առակների 2.16-17
Ամուսնությունը Աստծո ծրագիրն է մարդկանց մեծամասնության համար: Այնուամենայնիվ, Պողոս առաքյալը նկարագրում է որոշ պատճառներ, որ մարդիկ կարող են չամուսնանալ: Ա Կորնթացիների 7.26-ում նա նշում է «վերահաս նեղությունը»՝ կյանքի դժվար պայմանները, որոնք կարող էին հալածանք ենթադրել։ Նա ասում է, որ ավելի լավ է նման պայմաններում չամուսնանալ։
Նույն հատվածն (Ա Կորնթացիների 7.32-35) ասում է, որ չամուսնացած անձը հատուկ առավելություն ունի։ Չամուսնացած անձը կարող է կենտրոնանալ Աստծուն ծառայելու վրա՝ առանց կողակցի մասին հոգալու։ Երբ անհատը կանչվում է Աստծո կողմից՝ կենտրոնանալու ծառայության վրա՝ առանց ամուսնանալու, նա կարող է նշանակալիորեն արդյունավետ և օրհնված լինել իր ծառայության մեջ:
Կարող են լինել նաև այլ պատճառներ, որ Աստված ընտրի տվյալ անձի չամուսնանալը (Մատթեոսի 19.10-11): Պետք չէ ենթադրել, թե դա անբնական վիճակ է։ Պետք չէ ենթադրել, թե յուրաքանչյուր չամուսնացած անձ պետք է ինչ-որ մեկի հետ համադրվի։ Մենք չպետք է ենթադրենք, թե երջանկությունն ու բավարարված լինելը կախված են ամուսնությունից (Սաղմոսներ 107.9)։
Չամուսնացած անձը պետք է զգույշ լինի, որպեսզի խուսափի սխալ կապեր հաստատելուց՝ հուզական և ֆիզիկական կարիքներից ելնելով։ Աստված ուրախություն ու բավարարվածություն է տալիս նրան, ով լիովին նվիրված է Իրեն:
Աստվածաշնչյան ցուցումներ ամուսնության համար
► Միասին կարդալ Ա Պետրոսի 3.1-7 և Եփեսացիների 5.22-33 հատվածները: Խումբը պետք է դիտարկման համար այս հատվածները բաց պահի քննարկման ընթացքում:
Տղամարդուն ասվում է, որ սիրի իր կնոջը, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցուն: Հիսուսն իրեն որպես զոհ մատուցեց հանուն եկեղեցու: Ամուսինը պետք է զոհաբերի իր սեփական շահերը, հարմարավետությունն ու ցանկությունները, որպեսզի բավարարի կնոջ կարիքները: Խոսքը տղամարդկանց ասում է. «Իմաստությա՛մբ ապրեք ձեր կանանց հետ», ինչը նշանակում է, որ նա պետք է ձեռքից եկածն անի կնոջը հասկանալու համար։ Նա պետք է ուսումնասիրի նրան, որպեսզի հասկանա կնոջ կարիքները:
Այս հատվածում կինը կոչվում է «տկար անոթ»։ Կինն իր ամուսնուց ակնկալում է մտածված ուշադրություն։ Ամուսինը պետք է պաշտպանի նրան ոչ միայն ֆիզիկական վնասներից, այլև անհանգստություից ու հուզական սթրեսից։
Կնոջն ասվում է, որ հնազանդվի ամուսնուն և հարգի նրան։ Ենթադրվում է, որ կինը պետք է ընդունի իր ամուսնու առաջնորդությունը, նույնիսկ եթե վերջինս հավատացյալ չէ: Եթե նա այդպես վարվի, նրա չփրկված ամուսինն ավելի հավանական է, որ հավատացյալ կդառնա։
Կարևոր է հիշել, թե ինչպես են տրված այս հատվածների պատվերները: Ամուսնուն չի ասվում, որ իր իշխանությունը պարտադրի կնոջը: Կնոջն ասվում է, որ հնազանդվի ամուսնուն, բայց ամուսնուն չի ասվում, որ կնոջն իրեն ենթարկի։ Նրան ասվում է, որ պետք է սիրի իր կնոջը և անհրաժեշտության դեպքում զոհաբերության գնա ու հոգա կնոջ համար: Նմանապես կնոջը չի ասվում, որ ամուսնուց հոգածություն պահանջի. նրան ասվում է, որ հարգի ամուսնուն:
Ամուսնու առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե իր իշխանությունը պահպանելը, այլ սիրալիր հոգատարություն ցուցաբերելը։ Կնոջ առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե իր մասին հոգատարություն պահանջելը, այլ ամուսնուն հարգելը։
Առաքյալը նախազգուշացնում է ամուսնուն, որ նրա աղոթքները կխոչընդոտվեն, եթե նա պատշաճորեն չհոգա իր կնոջ համար: Դա մեզ ասում է, որ ամուսնական կյանքում մեր վարքագիծը ազդում է Աստծո հետ մեր հարաբերությունների վրա:
Հովհաննես առաքյալն ասում է, որ եթե մարդ չի սիրում իր եղբորը, չի սիրում նաև Աստծուն (Ա Հովհաննեսի 4.20): Նմանապես, Պողոսի և Պետրոսի խոսքերից կարող ենք տեսնել, որ տղամարդը, ով չի հոգում իր կնոջ համար, ինչպես պետք է, չի սիրում Աստծուն այնպես, ինչպես պետք է: Այն կինը, ով չի հարգում իր ամուսնուն, չի հարգում Աստծուն այնպես, ինչպես պետք է:
► Ուսանողը խմբի համար կարդում է Ա Կորնթացիների 7.1-5 հատվածը:
Այս խոսքերը մեզ ասում են, որ ամուսնության նպատակներից մեկը սեռական ցանկությունները բավարարելն է: Ամուսինն ու կինը հանձնվել են միմյանց և հրաժարվել իրենց մարմնի նկատմամբ սեփականության իրավունքից: Դա նշանակում է, որ ամուսնացած անձը չպետք է ակնկալի, որ սեռական հարաբերություն կունենա միայն այն ժամանակ, երբ կամենա, այլ պետք է նաև արձագանքի կողակցի ցանկություններին։ Այս խոսքերը մեզ չեն ասում, թե անձը կարող է բավարարում պահանջել կողակցի կամքին հակառակ։ Փոխարենը, այս խոսքերը ասում են, որ յուրաքանչյուրը պետք է արձագանքի մյուսի կարիքներին:
Այս հատվածը ասում է մեզ, որ ամուսնացած մարդիկ չպետք է միմյանց զրկեն այդ արտոնությունից: Ծոմապահության մեջ սեռականորեն ձեռնպահ մնալու կարճ ժամանակահատվածն ընդունելի է, սակայն երկարատև բաժանումը գայթակղություն կառաջացնի՝ չբավարարված ցանկությունների պատճառով: Երբեմն զույգերը նախընտրում են բաժանվել մի քանի ամսով կամ ավելի երկար, քանի որ մեկը գնում է աշխատանքի կամ սովորելու հեռավոր մի երկրում: Նման որոշում կայացնելուց առաջ նրանք պետք է մտածեն՝ արդյոք նման ծրագիրը համապատասխանում է Աստծո ծրագրին, թե՝ ոչ: Նրանք կարող են խնդիրներ ունենալ երկարատև բաժանման պատճառով։
Ամուսնության նպատակներից մեկը ընտանիքների ստեղծումն է, որոնք ապահովում են իրենց անդամների կարիքները:
► Ուսանողը խմբի համար կարդում է Ա Տիմոթեոսի 5.8 խոսքը:
Այս խոսքը մի հատվածի կոնտեքստում է, որը նկարագրում է եկեղեցու անդամների՝ միմյանց համար հոգալու պատասխանատվությունը: Մարդն առաջին հերթին պատասխանատու է իր ընտանիքի համար։ Ծնողը պետք է ապահովի իր երեխայի կարիքները, ինչպիսիք են՝ կացարանը, սնունդը, հագուստը և կրթությունը: Ծնողը պետք է անի այն ամենն, ինչ կարող է իր երեխաների ապահովության համար՝ չթողնելով այդ պատասխանատվությունն ուրիշների վրա:
Խմբային քննարկում
Այս դասի թեմաները շատ քննարկումներ կառաջացնեն:
Ուսանողները պետք է փորձեն կիրառել այս դասի սուրբգրային սկզբունքներն իրենց իրավիճակներում:
►Ո՞րն է ամուսնության մասին այն ճշմարտությունը, որն, ասես, մոռանում են շատերը:
►Ինչպե՞ս կարող է եկեղեցին օգնել երիտասարդներին, ովքեր պայքարում են աշխարհի գայթակղությունների դեմ:
►Ինչպե՞ս կարող են եկեղեցու անդամները միասին աշխատել (կիրակնօրյա դպրոց ունենալուց բացի), որպեսզի օգնեն երեխաներին հետևել Քրիստոսին:
Աղոթք
Երկնայի՛ն Հայր,
Շնորհակալություն ամուսնության Քո հիանալի նախագծի համար: Օգնի՛ր ինձ հավատարիմ մնալ Քո կամքին իմ կյանքի յուրաքանչյուր փուլում: Օգնի՛ր ինձ քրիստոնեական հավատարմության լավ օրինակ լինել: Օգնի՛ր ինձ խրախուսել ուրիշներին՝ հետևելու Քո կամքին:
Օգնի՛ր ինձ համագործակցել եկեղեցում, որպեսզի օգնեմ ընտանիքներին, երիտասարդներին ու երեխաներին՝ ուժեղ լինելու հավատի և հնազանդության մեջ:
Շնորհակալ ենք այն արտոնության համար, որ տալիս ես մեզ՝ ունենալու հարաբերություններ, որոնք օրհնում ես:
Ամեն։
Դաս 7. Առաջադրանքներ
(1) Եթե ամուսնացած չեք, գրեք երկու պարբերություն ձեր նախաամուսնական հարաբերությունների և ձեր ապագա ամուսնության մեջ Աստծո սկզբունքներին հնազանդվելու պարտականության մասին: Եթե ամուսնացած եք, գրեք երկու պարբերություն ձեր ամուսնության մեջ Աստծո սկզբունքներին հնազանդվելու պարտավորության մասին։
(2) Ընտրե՛ք մեկ կամ մի քանի թեմա այս դասից և մեկ էջ ծավալով գրե՛ք այն մասին, թե ինչպես է ձեր հասարակության մեջ անձը կիրառում սուրբգրային սկզբունքները:
Օրինակներ.
Նկարագրե՛ք ձեր հասարակության մեջ քրիստոնեական հարաբերությունները տղամարդու և կնոջ միջև, ովքեր պլանավորում են ամուսնանալ:
Նկարագրե՛ք ձեր հասարակության մեջ տղամարդու կամ կնոջ վարքագիծը, ով ուզում է հավատարիմ լինել ամուսնական կյանքում:
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
No Changes – Course content must not be altered in any way.
No Profit Sales – Printed copies may not be sold for profit.
Free Use for Ministry – Churches, schools, and other training ministries may freely print and distribute copies—even if they charge tuition.
No Unauthorized Translations – Please contact us before translating any course into another language.
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom. We simply ask that you honor the integrity of the content and mission.