Ռոբինզոն Կրուզոյի մասին պատմության մեջ կարդում ենք, որ մի մարդ փրկվում է նավաբեկությունից՝ լողալով դեպի մի կղզի: Ամիսներ շարունակ նա մենակ էր այնտեղ։ Նա տանիք ստեղծեց, հագուստ պատրաստեց և ուտելիք հայթայթել սովորեց։ Հետո, մի օր ծովափին զբոսնելիս նա ցնցվեց՝ ավազի վրա տեսնելով մարդու ոտնահետք: Դա նշանակում էր, որ այնտեղ ուրիշ մարդ էլ կար։ Նա չգիտեր՝ այդ մարդը բարեկամ կլինի, թե՝ թշնամի։ Նա ոչինչ չգիտեր այդ անձի բնավորության, լեզվի, ազգության կամ այնտեղ գտնվելու պատճառի մասին: Նա չգիտեր, թե այդ մարդը ինչպես կփոխեր իր կյանքը կղզու վրա: Քանի որ հարաբերությունները մեծապես ազդում են անհատի կյանքի վրա, Ռոբինզոնը և՛ հույս, և՛ վախ զգաց՝ տեսնելով ոտնահետքը:
Հարաբերությունների կարևորությունը հոգևոր զարգացման համար
Առաջին դարի եկեղեցին ստիպված էր գործել մի շարք բախումների առկայությամբ. հրեաներ և հեթանոսներ, սոցիալական դասեր, մշակույթներ, սեռեր։ Պողոս առաքյալն ասում էր նրանց. «Ընդունեցե՛ք միմյանց…» (Հռոմեացիների 15.7):
► Պատկերացրե՛ք միայնակ կղզում ապրող մի մարդու: Նա կարո՞ղ է համբերատար լինել որևէ մեկի հանդեպ: Նա կարո՞ղ է ներել որևէ մեկին:
Դուք չէիք կարող զարգացնել և ցույց տալ համբերության քրիստոնեական հատկանիշը՝ առանց այլ մարդկանց հետ հարաբերությունների: Դուք չէիք կարող ներել ուրիշներին կամ ներվել ուրիշների կողմից առանց հարաբերությունների:
► Որո՞նք են քրիստոնեական այն հատկանիշներն ու գործելաոճերը, որոնց զարգմացման համար պահանջվում են այլ մարդիկ:
Այս ամենը կատարվում է այլ մարդկանց հետ հարաբերություններում: Բնավորության գծերը կարելի է զարգացնել և դրսևորել միայն հարաբերություններում։ Դա նշանակում է, որ մարդկանց հետ մեր հարաբերությունները մեծ ազդեցություն են թողնում մեր հոգևոր զարգացման վրա։
Աստվածաշունչը ցուցումներ է տալիս տարբեր տեսակի հարաբերությունների համար։ Կան հատուկ ցուցումներ ամուսինների ու կանանց, ծնողների և երեխաների, գործատուների ու աշխատողների, հովիվների և եկեղեցիների, տարեցների ու երիտասարդների միջև հարաբերությունների համար:
Աստվածաշնչում կան առնվազն երեք սկզբունքներ, որոնք կիրառելի են մարդկային ցանկացած հարաբերությունների դեպքում. խաղաղության, սիրո և հարգանքի սկզբունքները:
Խաղաղության սկզբունքը
«Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի» (Եբրայեցիների 12.14)։
Այս խոսքն ազդեցիկ ձևակերպում է հարաբերությունների կարևորության մասին: Սրբությունը սերտորեն կապված է բոլորի հետ խաղաղության հասնելու ջանքերի հետ:
► Ի՞նչ քայլեր կան, որ պետք է ձեռնարկել մարդկանց հետ խաղաղության հասնելու համար:
Խաղաղության ձգտելիս առնվազն պետք է յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերել այն վերաբերմունքը, որը պարտք եք (Հռոմեացիներին 13.7): Նրանց, ում պարտք եք երախտագիտություն, հարգանք կամ հնազանդություն, պետք է դա դրսևորեք: Եթե դրանք չեք անում, մեղավոր եք լինում բախումներ առաջացնելու մեջ: Եթե չկատարեք ձեր պարտականությունները, չպահեք ձեր խոստումները կամ չդրսևորեք այն, ինչ պարտավոր եք ուրիշների հանդեպ, ուրեմն խաղաղության չեք ձգտում: Երբ հասկանում եք, որ չեք կարողացել տալ այն, ինչ պետք էր, հարկավոր է ներում փնտրել և կատարել պարտավորությունները, որքան հնարավոր է:
Բայց խաղաղության հետամուտ լինելու համար ավելին է պահանջվում, քան պարտք վճարելը: Այն ներառում է այն սեր ու բարություն տալը, որը պարտական չեք:
► Ուսանողը խմբի համար կարդում է Տիտոսի 3.2-3 հատվածը:
Մենք պետք է համբերատար ու ներողամիտ լինենք՝ հասկանալով, որ դարձի չեկած մարդիկ հակված են սխալ վերաբերմունքի և սխալ մղումների:
Եթե խաղաղություն եք ուզում, հաշտություն կփնտրեք բախման ժամանակ: Դուք պատրաստ կլինեք ներելու, չեք շտապի ենթադրել, որ խաղաղությունը հնարավոր չէ վերականգնել, հեշտությամբ չեք ընդունի մշտական բաժանումը։
Հիսուսն ասաց, որ պետք է գնալ այն մարդու մոտ, ով վատություն է արել ձեզ և բացատրել նրան, թե ինչ է նա արել[1] (Մատթեոս 18.15)։ Եթե հարցը չափազանց փոքր եք տեսնում առճակատման արժանի համարելու համար, ապա չպետք է դրա մասին պատմեք ուրիշներին կամ սխալն անողի դեմ ներքուստ վրդովմունք կրեք:
Երբեմն մարդիկ պայքարում են այլ քրիստոնյաներին չներելու դեմ, ովքեր սխալ են գործել իրենց հանդեպ: Մենք կարող ենք վատ վերաբերմունք ակնկալել դարձի չեկած մարդկանցից, բայց դժվար է հասկանալը, երբ մյուս քրիստոնյաներն են սխալ գործում մեր դեմ:
Հիսուսն ասաց, որ մենք պետք է պատրաստ լինենք ներելու 70 անգամ 7 անգամ[2] (Մատթեոս 18.21-22): Ընդհանուր պատճառը, որ մարդիկ լքում են եկեղեցին ու հրաժարվում հոգևոր կյանքից, քրիստոնյաների կողմից վատ վերաբերմունքի հանդեպ զայրույթն է: Հաճախ զայրութը նախորդում է այլ տեսակի հոգևոր սխալներին:
Երբ մարդը հրաժարվում է ներել, նա վատնում է իր կյանքը՝ հակառակվելով Աստծո իշխանության դեմ, քանի որ Աստված մեզնից պահանջում է ներել (Կարդացեք Եփեսացիներին 4.32): Չներելը դառնում է պատճառ, ըսդ որի Սատանան կարողանում է ազդել կյանքի այլ ոլորտների վրա: Եթե մարդը հրաժարվում է ներել, շուտով չի կարողանա դիմակայել գայթակղություններին, որոնք կարծես բոլորովին կապ չունեն չներելու խնդրի հետ:
Յուրաքանչյուր անձնական վիրավորանքի հիմքը մեր իրավունքների արժեքն է: Քանի որ մենք հավատում ենք, որ արժանի ենք որոշակի վերաբերմունքի կամ հարգանքի, վիրավորվում ենք, երբ չենք ստանում դա: Մենք հավատում ենք, որ ավելի լավին ենք արժանի, քան ստանում ենք:
Ուրիշներին ներելու բանալին փրկագնումը ճիշտ հասկանալն է: Փրկագնել՝ նշանակում է հետ գնել: Քանի որ Աստված փրկագնել է մեզ, մենք Նրան ենք պատկանում, և մեր իրավունքները Նրանն են: Մենք պետք է մեր իրավունքները գիտակցաբար զիջենք Աստծուն։ Դուք կարող եք աղոթել. «Տե՛ր, ես գիտեմ, որ իմ բոլոր իրավունքները պատկանում են Քեզ: Ուզում եմ, որ Քո ձեռքն առնես դրանք և տաս ինձ միայն այն, ինչ տեսնում ես, որ լավ է ինձ համար»: Այնուհետև, երբ մարդիկ լավ վերաբերվեն ձեզ, կարող եք շնորհակալություն հայտնել Աստծուն, որ Նա թույլ տվեց այդ արտոնությունը ձեզ համար: Երբ որևէ անձ վատ է վերաբերվում ձեզ, կարող եք հիշել, որ Աստծո ձեռքում են ձեր իրավունքները, և Նա գիտի, որ կարող եք ավելի լավ աճել Իր մեջ՝ առանց այդ իրավունքը տվյալ պահին ունենալու:
Ներելով ուրիշներին՝ դուք ենթարկվում եք Աստծուն և թույլ տալիս, որ Նա աճեցնի ձեզ այնպես, ինչպես կամենում է: Ձեր իրավունքներն Աստծուն հանձնելու այս սկզբունքը վերաբերում է յուրաքանչյուր մարդկային հարաբերության: (Ներման վերաբերյալ այլ հղումներ են Կողոսացիների 3.13, Մատթեոսի 6.15 և Հռոմեացիների 12.19 խոսքերը։)
Այն մարդուն, ում ոչինչ պարտական չենք, տակավին պետք է սիրով վերաբերվենք: Քանի որ շնորհ ենք ստացել, պարտք ենք Աստծուն: Մենք չենք կարող վերադարձնել այդ պարտքը Նրան: Նա կարիքներ չունի, բայց Նա մեզ ասել է, որ ուրիշներին տանք այն չարժանացած սերը, որն ստացել ենք ինքներս:
«Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմյանց սիրելուց» (Մատթեոս 13:8)։
Սերն այն վկայությունն է, որ մարդն իսկական քրիստոնյա է:
«Եթե մեկն ասի. «Աստծուն սիրում եմ», և իր եղբորն ատի, նա ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել»։ (Ա Հովհաննեսի 4․20)։
Քրիստոնյա հավատացյալների մեջ առանձնահատուկ սեր կա, և Հիսուսն անձնական է ընդունում մյուս հավատացյալների նկատմամբ ձեր գործողություններն ու վերաբերմունքը: Նա դատաստանի ժամանակ կասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք» (Մատթեոսի 25.40):
Սակայն քրիստոնեական սերը չպետք է միայն այլ քրիստոնյաների հանդեպ արտահայտվի: Հիսուսն ասաց Մատթեոսի 5.44-45ա հատվածում.
«Բայց ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. որովհետև նա իր արեգակը ծագեցնում է և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա»։
Ոմանք դժվարանում են բարյացակամ լինել իրենց վիրավորողների հանդեպ, բայց դա կոպիտ լինելու արդարացում երբեք չի կարող լինել։ Մենք մարդկանց հետ չպետք է վարվենք այնպես, ինչպես նրանք արժանի են։ Մենք պետք է սիրով և բարությամբ վարվենք իրենց հետ, անկախ նրանից՝ արժանի են դրան, թե՝ ոչ (Ա Կորնթացիներին 116.14): Մենք պետք է հիշենք, որ երբ մեղավոր էինք, արժանի չէինք Աստծո սիրուն, բայց միևնույնն է, Նա սիրեց մեզ[1] (Տիտոսին 3.2-3):
► Եթե ես ձեզ անվճար առաջարկեի հարյուր դոլարանոց կեղտոտ ու պատռված թղթադրամ, կուզեի՞ք դա վերցնել։ Արդյոք կհրաժարվեի՞ք դրանից, քանի որ կեղտոտ է և պատռված:
Դուք կվերցնեիք այն, քանի որ դա ունի արժեք, որը կախված չէ տվյալ պահի վիճակից:
Յուրաքանչյուր անձ արժանի է հարգանքի, քանի որ մարդ արարածը ստեղծված է Աստծո պատկերով[1] (Ծնունդ 1.27): Աստծո պատկերն ունենալն ամեն մարդու տալիս է արժեք՝ ի ծնե:
Նույնիսկ եթե մարդը չունի բարձր ինտելեկտ կամ հմտություններ, կրթություն և որևէ այլ արժանիք, ինչը նրան հաջողակ կամ կարևոր է դարձնում հասարակության մեջ տարածված չափանիշներով, նա արժեք ունի, քանի որ Աստծո պատկերով ստեղծված անձնավորություն է:
Մարդու անքակտելի արժեքը մնում է նույնիսկ այն դեպքում, երբ նա ինքն իրեն պակաս արժեքավոր է դարձրել հիմար ընտրությունների պատճառով: Հնարավոր է, որ նա թողել է ուսումը, քայքայել է առողջությունը, ձևավորել է վատ սովորություններ, բայց նա արժեքավոր է որպես անմահ հոգի ունեցող մարդ՝ Աստծո պատկերով:
Մարդկանց մեջ Աստծո պատկերի բնածին արժեքի պատճառով մարդկանց միջև յուրաքանչյուր շփման ժամանակ պետք է հարգանք դրսևորվի, առնվազն՝ քաղաքավարություն:
Մանիպուլյացիան և խաբեությունը սխալ են, քանի որ յուրաքանչյուր մարդ հավիտենական հետևանքներով ընտրություններ է անում և պետք է իմանա կայացրած որոշման իրական հետևանքների մասին: Մարդուն սխալ նպատակով ինչ-որ ճիշտ բան անելու դրդելը հաջողություն չէ, քանի որ նա դեռ ճիշտ ընտրություն չի կատարել:
Հնարավորինս հարգանքով պետք է վերաբերվենք մարդուն նույնիսկ այն դեպքում, երբ նրա վարքագիծը սխալ է։ Նույնիսկ սխալների ուղղումը և սխալ արարքների համար պատիժը (նրանց կողմից, ովքեր ունեն դա անելու համապատասխան լիազորություններ) կատարվում են այն գիտակցությամբ, որ գործ ունենք անմահ էակների հետ, որոնք Աստծո էությունից ինչ-որ բան ունեն իրենց մեջ:
Այս սկզբունքների կիրառման օրինակները պետք է որ շատ լինեն:
► Կիսվե՛ք և խոսե՛ք օրինակների մասին, երբ խաղաղություն պահպանելու ջանք եք գործադրել։
► Միմյանց հետ կիսվե՛ք ու միմյանց քաջալերե՛ք, որ ներեք նրանց, ում դեմ զայրույթ եք կրում։
► Խոսեք այն իրավիճակների մասին, երբ կարող էիք ինչ-որ մեկի հանդեպ ավելի շատ սեր ցուցաբերել, որին տվյալ անձը, կարծես, արժանի չէր։
►Քննարկե՛ք, թե ինչ է նշանակում հարգանքով վերաբերվել մարդուն, նույնիսկ երբ նրա վարքագիծը սխալ է:
Հաղորդակցության աստվածաշնչյան սկզբունքներ
► Կա մի հին ասացվածք, որն ասում է՝ «Գրիչն ավելի զորավոր է, քան սուրը»։ Ի՞նչ է դա նշանակում։
Գաղափարի, համոզելու, հաղորդակցության մեջ ուժ կա։ Կարելի է ավելիին հասնել՝ մարդկանց ոգևորելով, քան՝ ստիպելով: Գաղափարը՝ հասկացությունը, կարող է տարածվել և ազդել շատերի վրա:
Աստվածաշունչը խոսում է խոսքի ուժի մասին՝ բարիք անելու կամ չարիք պատճառելու առումով (Հակոբոս 3): Փրկության ծրագիրն ավարտվում է Ավետարանի զորությամբ, որը վստահված է Աստծո մարդկանց:
Ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեր խոսքերը բարիք գործելու և չարիքից խուսափելու համար։ Աստվածաշունչը տալիս է որոշ սկզբունքներ։
«Շատախոսության մեջ հանցանքը պակաս չի լինի, բայց ուշիմ է իր շրթունքները զսպողը» (Առակների 10.19)։
«Նույնիսկ հիմարը իմաստուն կհամարվի, եթե լուռ մնա, և իր շրթունքները փակողը՝ ողջամիտ» (Առակների 17.28)։
Ուստի, չափից շատ մի՛ խոսեք: Չատախոսը պատշաճ կերպով չի գնահատում ո՛չ իր խոսքերը, ո՛չ ուրիշների։ Նա ասում է բաներ, որոնք իրականում նկատի չունի, և ենթադրում է, որ այլ մարդիկ նույնն են անում: Առանց տեղեկացված լինելու՝ կարծիքներ է հայտնում։ Պետք չէ կարծիք հայտնել մի բանի մասին, որից տեղյակ չես. ամեն կարծիք չէ, որ արժեքավոր է:
(2) Մի՛ խոսեք առանց մտածելու։
Թույլ մի՛ տվեք, որ ձեր զգացմունքները ստիպեն ձեզ անելու հայտարարություններ, որոնց համար զղջալու եք:
«Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ» (Հակոբոսի 1.19)։
«Անմիտն իր սրտի ամբողջ եղածը դուրս է տալիս, բայց իմաստունն այն հանդարտությամբ ետ է պահում» (Առակների 29.11)։
«Համբերատար մարդը շատ խոհեմ է, իսկ դյուրագրգիռ մարդը հիմարություն է անում» (Առակների 14.29)։
(3) Իրավիճակի մասին մի՛ դատեք առաջին հայացքից։
«Ով խոսքին պատասխանում է նախքան լսելը, դա նրա համար հիմարություն և նախատինք է» (Առակների 18.13)։
«Իր դատն առաջինը ներկայացնողը արդար է երևում, մինչև գալիս է հակառակորդը և քննում նրան» (Առակների 18.17)։
Բախումների մեծ մասը հիմնված է թյուրըմբռնումների վրա: Սովորաբար ժամանակն ու զգուշությունը կարող են հարթել դրանք: Եթե ազնիվ համբավ ունեցող անձն ասում է մի բան, որը ձեզ սխալ է թվում, մի՛ շտապեք դատել նրան:
«Այն անցորդը, որը ներքաշվում է իրենը չեղող վեճի մեջ, նման է այն մարդուն, որ շունը բռնում է ականջներից» (Առակների 26.17)։
(4) Զգույշ եղե՛ք կատակներ անելիս։
Խոսքերի հնարավոր վատ ազդեցության պատճառով անզուսպ կատակը նման է խելագարի ձեռքում հայտնված զենքի։
«Ինչպես խենթը, որ կրակի կայծեր, նետեր և մահ է արձակում, այնպես է այն մարդը, որ խաբում է իր հարևանին ու ասում. «Կատակում էի» (Առակների 26.18-19)։
Պատճառ մի՛ դարձեք, որ մարդիկ լուրջ սխալներ թույլ տան՝ հավատալով ձեր կատակին: Մի՛ ասեք նրանց, որ լուրջ եք, եթե այդպես չէ, քանի որ նրանք ձեզ այլևս չեն հավատա: Մի՛ ծաղրեք արատները, որոնց հարցում մարդիկ անզոր են: Մի՛ կատակեք ինչ-որ մեկի անհաջողությունների համար: Մի՛ պատմեք կատակներ, որոնք մեղքը չնչին են դարձնում:
► Որո՞նք են կատակների այլ սխալ կիրառությունները:
(5) Մի՛ ասեք դա սխալ անձնավորությանը:
«Բանսարկության գնացողը գաղտնիքը կհայտնի, իսկ հավատարիմ հոգի ունեցողը բանը կծածկի» (Առակների 11.13)։
«Փայտ չլինելու դեպքում կրակը կհանգչի, և հրահրող* չլինելիս կռիվը կդադարի» (Առակների 26.20)։
Երբեմն հնարավոր է, որ ինչ-որ բան ասելու կարիք լինի, բայց դուք չլինեք դա ասելու ճիշտ անձնավորությունը: Դուք չեք կարող դա ասել իշխանություն ունեցողի փոխարեն, որն ինքը պիտի դա ասի:
Մարդկանց սխալների մասին տեղեկություն մի՛ տարածեք։
Մարդիկ անձնական տեղեկություններ չեն վստահի ձեզ, եթե մտածեն, որ կասեք ուրիշներին:
«Հարևանիդ հետ վիճի՛ր, բայց ուրիշի գաղտնիքը մի՛ հայտնիր» (Առակների 25.9)։
Մատթեոս 18.15-17 հատվածում նշված ընթացակարգին հետևելու փոխարեն երկչոտն իր խնդրի մասին խոսում է սխալ մարդկանց հետ։
(6) Զգո՛ւյշ եղեք քննադատության հարցում։
Քննադատելու ճիշտ ժամանակ ու ձև կա։
«Բացահայտ հանդիմանությունն ավելի լավ է, քան թե քողարկված սերը։ Բարեկամի պատճառած վերքերն անկեղծ են...» (Առակների 27.5-6ա)։
Համոզվե՛ք, որ ձեր քննադատությունը կառուցելու, այլ ոչ թե քանդելու նպատակ ունի: Դուք պետք է ցույց տաք, որ մտահոգվում եք նրանց համար և ուզում եք օգնել: Սովորաբար պետք է առողջ հարաբերություններ ունենալ այն մարդու հետ, որպեսզի ձեր քննադատությունն ընդունելի լինի:
(7) Մի՛ ստեք։
«Մի՛ ստեք միմյանց. հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ» (Կողոսացիների 3.9)։
Խաբեությունը հատուկ է մեղավորներին, ոչ թե քրիստոնյաներին:
«Ստախոս շրթունքները Տիրոջ համար զզվելի են, իսկ հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան» (Առակների 12.22)։
(8) Մաքո՛ւր պահեք ձեր խոսքը։
«Թող չտրվի... գռեհիկ կամ հիմար խոսքերը, կամ խեղկատակությունը, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն» (Եփեսացիների 5.3-4)։
Մի՛ պատմեք անցյալի կամ ներկայի խայտառակ դեպքերի մասին, բացառությամբ այն առիթների, երբ տեղին է, օրինակ՝ դատավարության ժամանակ: Մի՛ արեք այնպիսի կատակներ, որոնք պետք է ծածուկ լինեին։ Աշխարհի մարդիկ սովորաբար իրենց բացականչություններում օգտագործում են սեռական բնույթի կամ մարմնի ծածուկ մասերի վերաբերյալ արտահայտություններ, սակայն դա հարիր չէ քրիստոնյային: Անհարգալից է Աստծուն կամ Հիսուսին վերաբերող հայհոյանքներ կամ արտահայտություններ գործածելը՝ որպես բացականչություն սթրեսի ժամանակ, եթե, իհարկե, անկեղծորեն Աստծո օգնությանը չեք դիմում:
(9) Մի՛ բաժանեք մարդկանց ձեր խոսքերով։
«Նենգ մարդը կռիվ է հրահրում, իսկ քսուն բաժանում է մտերիմներին» (Առակների 16.28)։
«Վեց բան կա, որ Տերն ատում է, և յոթը զզվելի են նրա հոգու առաջ... [յոթերորդը] Ստեր փչող կեղծ վկա և եղբայրների մեջ կռիվ հրահրող» (Առակների 6.16, 19)։
Մի՛ փորձեք լավը ներկայանալ՝ ուրիշների հաշվին: Բախումներ մի՛ առաջացրեք ուրիշների միջև։ Բամբասանքով մի՛ վնասեք ինչ-որ մեկի ծառայության արդյունավետությանը:
Խոսելուց առաջ ինքներդ ձեզ տվեք ոչ միայն՝ «Ճի՞շտ է դա», այլև՝ «Ինչու՞ եմ ասում դա» հարցերը:
Եզրակացություն
Քրիստոնյան պետք է պատրաստ լինի ներողություն խնդրելու, եթե գիտակցում է, որ իր խոսքերով վնաս է հասցրել։ Նա պետք է պատրաստ լինի ուղղելու այն, ինչ ասել է, եթե գիտակցում է, որ ասածը ճիշտ չէր:
Ուրիշների հնչեցրած վնասակար և վիրավորական խոսքերը չեն արդարացնում ձեր կողմից ասված սխալ խոսքերը։
Խոսվածքի մեջ կան սխալներ, որոնք կարող եք աստիճանաբար բարեփոխվել: Օրինակ՝ կարող եք սովորել մտածել՝ խոսելուց առաջ: Կան այլ սխալներ, որոնք ցույց են տալիս, որ խնդիրը սրտի մեջ է, օրինակ՝ ձեր խոսքերով ինչ-որ մեկին վիրավորելու ցանկությունը: Եթե մեղավոր եք նման խոսքերի համար, ապա խնդրեք Աստծուն՝ ների ձեզ ու մաքրի ձեր սիրտն այդ հակումից:
Ձեր խոսքը շատ բան է հայտնում ձեր սրտի մասին (Ղուկաս 6.45): Մի՛ վնասեք ձեր քրիստոնեական վկայությունը՝ խոսելով քրիստոնեական արժեքներին անհարիր ձևերով:
Ձեր խոսքը կարող է օրհնել ձեզ շրջապատողներին: Ծառայության մեծ մասը կազմված է հաղորդակցությունից: Ձեր խոսքերի ազդեցությունը կարող է մեծապես աճել, եթե հետևեք աստվածաշնչյան սկզբունքներին:
Խմբային քննարկում
► Մարդկանցից շատերը տեսնում են ուրիշների կողմից ասված խոսքերի թերությունները, բայց ոչ՝ իրենցը: Առաջնորդը, թերևս, կարող է կիսվել մի օրինակով, երբ չի կարողացել հետևել այս սկզբունքներից մեկին կամ ընդունել, թե որում է թերանում ամենից շատ:
► Թող անդամներն ընտրեն մի սկզբունք, որում թերանում են և որոշեն այն լավացնելու քայլեր ձեռնարկել՝ Աստծո օգնությամբ:
Աղոթք
Երկնայի՛ն Հայր,
Օգնի՛ր ինձ ապրել խաղաղության, սիրո ու հարգանքի սուրբգրային սկզբունքներով իմ բոլոր հարաբերություններում:
Ես ուզում եմ ներողամիտ լինել նրանց հանդեպ, ովքեր ինձ վատություն են անում։ Օգնի՛ր ինձ հաշտություն գտնել նրանց հետ, ովքեր անհաշտ են ինձ հետ:
Օգնի՛ր ինձ հարգել յուրաքանչյուր անձի՝ որպես քո պատկերով ստեղծված արարածի: Օգնի՛ր ինձ հիշել իմ խոսքերի թողած ազդեցության մասին ու պատասխանատվություն կրել դրանց համար: Ես ուզում եմ, որ իմ բառերը բարիք գործեն, ոչ թե վնասեն:
Ես ուզում եմ, որ Քո մասին իմ վկայությունը հարգանքի արժանանա:
Շնորհակալություն Քո ճշմարտությունը փոխանցելու արտոնության համար:
Ամեն։
Դաս 4. Առաջադրանքներ
(1) Կարդացե՛ք Հակոբոսի 3-րդ գլուխը: Ուշադրությո՛ւն դարձրեք այստեղ նկարագրված հատվածի մեծ ներուժին, ինչպես նաև՝ 13-18-րդ խոսքերին, թե ինչպես է խոսքը բնականորեն բխում մարդու հոգևոր վիճակից: Կարդացե՛ք Եփեսացիների 4.25-32 խոսքերը։ Գրեք մեկ պարբերությամբ աղոթք՝ արձագանքելով այս գրվածքներին:
(2) Ուսումնասիրե՛ք Եփեսացիների 5.22 - 6.9 հատվածը: Թվարկե՛ք և բացատրե՛ք տարբեր մարդկանց հետ հարաբերությունների համար նկարագրված վարքային դրսևորումները: Բացատրե՛ք, թե ինչպես են այդ ցուցումները առնչվում այս դասում քննարկված սիրո, խաղաղության և հարգանքի սկզբունքներին:
(3) Ընտրե՛ք հետևյալ հարցերից երեքը: Գրե՛ք մեկ պարբերություն՝ պատասխանելով դրանցից յուրաքանչյուրին.
Աստված կանչել է մեզ խաղաղության ձգտելու մեր հարաբերություններում. ինչպե՞ս կարող ենք գործնականորեն սա կատարել։
Որպես Աստծո փրկված զավակներ՝ ինչո՞ւ է ուրիշներին ներելը կարևոր:
Ի՞նչ է նշանակում այն, որ մարդն իր իրավունքները տալիս է Աստծուն։
Ո՞րը պետք է լինի ոչ այդքան «սիրելի» մարդկանց սիրելու մեր դրդապատճառը։
Բոլոր մարդիկ ստեղծված են Աստծո պատկերով. ինչպե՞ս պետք է այս փաստն ազդի ուրիշների հետ մեր հարաբերություններում:
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
No Changes – Course content must not be altered in any way.
No Profit Sales – Printed copies may not be sold for profit.
Free Use for Ministry – Churches, schools, and other training ministries may freely print and distribute copies—even if they charge tuition.
No Unauthorized Translations – Please contact us before translating any course into another language.
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom. We simply ask that you honor the integrity of the content and mission.