Ուիլյամ Ուիլբերֆորսը (1759-1833) բրիտանական խորհրդարանի պատգավոր էր, ով դարձավ քրիստոնյա և սկսեց ընդդիմանալ ստրկությանը, երեխաների աշխատանքին և աղքատների հանդեպ վատ վերաբերմունքին: Նա 20 տարի աշխատեց մի օրենքի ընդունման վրա, որը վերջ կդներ ստրկավաճառությանը, որը գերիներ էր բերում Աֆրիկայից՝ վաճառելու ամբողջ Բրիտանական կայսրությունում: Նա հաճախ հիասթափվում էր, որ կարծես ուրիշներին չէր հետաքրքրում այդ հիմնախնդիրը: Մի անգամ նրան հաջողվեց ստանալ խորհրդարանի պատգավորների մեծամասնության համաձայնությունն առ այն, որ կսատարեին օրենքի ընդունմանը, սակայն ընդդիմախոսներին հաջողվեց պատգամավորներից մի քանիսին թատրոնի տոմսեր տալ ու ապահովել նրանց բացակայությունը խորհրդարանի նիստից, և օրենքը չընդունվեց: Օրենքը վերջ դրեց ստրկավաճառությանը 1807 թվականին, սակայն ստրկությունը դեռևս անօրինական չէր համարվում: Ուիլբերֆորսը շարունակեց քարոզարշավը՝ հանուն ստրկության լիակատար վերացման: Բրիտանական կայսրության մեծ մասում ստրկությանը վերջ դրվեց 1833 թվականին: Ուիլբերֆորսը մահացավ օրենքի ընդունման մասին լուրն ստանալուց ընդամենը երեք օր անց:
Ներածություն
Իշխանությունների հետ քրիստոնյաների հարաբերությունները շատ տարբեր են եղել։ Պատմության որոշակի շրջանում և վայրերում գոյություն է ունեցել ազգային եկեղեցի, որը դաշնակցել է իշխանությանը: Այլ ժամանակներում և վայրերում իշխանությունն անօրինական է համարել եկեղեցու գործունեությունն և անցել հալածանքների: Կան երկրներ, որոնք մարդկանց թույլ են տալիս ազատորեն դավանել ցանկացած կրոն, և նրանց իշխանությունները պնդում են, որ մարդկանց չեն ուղղորդում որևէ կրոնի դավանմանը:
Քրիստոնյաների և իշխանությունների հարաբերությունը առաջացնում է բազմաթիվ բարդ հարցեր։ Երբեմն եկեղեցին այնպիսի հարաբերություններ է ձևավորում իշխանության հետ մի վայրում, որը չի կարող գոյություն ունենալ աշխարհի այլ երկրներում, որտեղ իշխանությունը բոլորովին տարբեր է:
Այս դասը չի պատասխանի ամեն մի հարցի, ո՛չ էլ կբացատրի, թե ինչ պետք է անի քրիստոնյան յուրաքանչյուր պարագայում, բայց մենք կդիտարկենք աստվածաշնչյան որոշ սկզբունքներ քրիստոնյայի և իշխանության միջև եղած հարաբերությունների վերաբերյալ:
► Ուսանողը խմբի համար կարդում է Հռոմեացիների 13.1-7 հատվածը:Իշխանության մասին ի՞նչ դրույթներ եք տեսնում այս հատվածում:
Աստվածաշունչն ասում է մեզ, որ Աստված է հիմնել մարդկային իշխանությունը։ Աստված ուզում է, որ լինի իշխանություն, և այն մարդը, ով հրաժարվում է հնազանդվել մարդկային իշխանություններին, ապստամբում է Աստծո դեմ (Հռոմեացիների 13.1-2)։
► Ո՞րն է իշխանության նպատակը՝ ըստ այս խոսքերի։
Իշխանության նպատակներից մեկը մարդկանց վատ արարքներն արգելելն ու պատժելն է՝ օրենքի գործադրմամբ (Հռոմեացիների 13.3):
Իշխանություն ունեցողը ծառայում է Աստծուն և իրագործում Նրա նպատակները, երբ պատժում է օրինախախտներին (Հռոմեացիների 13.4):
► Ուսանողը խմբի համար կարդում է Ա Տիմոթեոսի 2.1-2 հատվածը:
Մենք պետք է աղոթենք պետական իշխանության մեջ ընդգրկված մարդկանց համար, որպեսզի հանգիստ և խաղաղ կյանքով ապրենք: Դա մեզ հուշում է, որ երկրի իշխանությունը պաշտպանում է հասարակությանն ու ապահովում իր ժողովրդի խաղաղությունը, երբ գործում է՝ ինչպես հարկն է:
Քրիստոնեական ազդեցություն
► Հիսուսն ասաց, որ աղի և լույսի պես լինենք (Մատթեոսի 5.13-16): Նա ի՞նչ նկատի ուներ։
Ոմանք կարծում են, թե քրիստոնյաները չպետք է մասնակցեն քվեարկություններին կամ պետական պաշտոններ զբաղեցնեն, քանի որ աշխարհի իշխանությունները քրիստոնեական սկզբունքներով չեն կառավարում։ Որոշ քրիստոնյաներ մտածում են, որ եկեղեցին պետք է լինի առանձին համայնք, որը չպետք է ներգրավվի հասարակության մեջ, քանի որ հասարակությունը չափազանց ապականված է:
Երեմիա մարգարեն գրեց հրեաներին, ովքեր տեղահանվել էին իրենց երկրից՝ ապրելու հեթանոսական հասարակության մեջ։ Նրանք հոժարակամ չէին գնացել այնտեղ։ Եթե երբևէ Աստծուն հավատացողները պատճառ են ունեցել ձեռնպահ մնալու հասարակական կյանքին մասնակցելուց, անշուշտ, այս հրեաները պետք է լինեին: Նրանք այնտեղ էին իրենց կամքին հակառակ, հասարակության կրոնը հեթանոսական էր, իշխանությունը ճնշող էր և կործանել էր իրենց ազգին, ու հրեաներն սպասում էին այն օրվան, երբ կկարողանային հեռանալ այդ վայրից։
Բայց լսե՛ք այն պատգամը, որ Աստված տվեց մարգարեին այդ մարդկանց համար.
«Եվ այն քաղաքի խաղաղությո՛ւնը* ցանկացեք, ուր որ ես ձեզ տարագրել եմ, և նրա համար Տիրոջն աղոթե՛ք, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ խաղաղություն կլինի» (Երեմիա 29.7)։
Շալոմ եբրայերեն բառը, որ սովորաբար թարգմանվում է «խաղաղություն», վերաբերում է ոչ միայն բուն խաղաղությանը, այլև խաղաղությանն ուղեկցող օրհնություններին։ Խոսքն Աստծո օրհնությունների մասին է: Աստծուն երկրպագողները Աստծո օրհնությունները կգտնեին, եթե փորձեին այդ օրհնությունները բերել մի մեղսալի հասարակության մեջ, որը Նրա մասին ոչինչ չգիտեր և որը հալածում էր Նրա սեփական ժողովրդին:
Մարդիկ, ովքեր ծառայում են Աստծուն, պետք է ազդեն իրենց հասարակության վրա, որպեսզի նրանք հարգեն Աստծո կամքը, որպեսզի իրենց հասարակությունն օրհնվի: Նրանք ոչ միայն պետք է հայտնեն Ավետարանի մասին, այլև կիրառեն Աստծո սկզբունքներն ամեն իրավիճակի և որոշման համար:
Իշխանությունն ու հասարակությունը պետք է ձևավորվեն Աստծո Խոսքով: Աստծո բացահայտված ճշմարտությունից պետք է առաջ գա էթիկան (վարվելակերպի ու արարքների բարոյական ու ճիշտ հիմքերը, կանոնները), էթիկայից էլ պիտի առաջ գա քաղաքականությունը (իշխանություն՝ հանուն արդարության և ազատության), այնուհետև՝ տնտեսությունը (ռեսուրսների կառավարում): Այսպիսով, ճիշտ հերթականությունը հետևյալն է՝ ճշմարտություն, ապա էթիկա, ապա քաղաքականություն, ապա տնտեսություն.
1. Աստվածաշունչ
2. Էթիկա
3. Քաղաքականություն
4. Տնտեսություն
Մարդկային հասարակությունը, ցավոք, ձգտում է այս կարգին հակառակ գործել: Մարդիկ իրենց անձնական տնտեսությունը դարձնում են առաջնահերթություն, այնուհետև աջակցում են առաջնորդներին և օրենքներին, որոնք նրանց կտան այն, ինչ իրենք են ուզում՝ նույնիսկ արդարության ու ազատության հաշվին, այնուհետև ձևավորում են իրենց էթիկան, որպեսզի այն համապատասխանեցնեն իրենց գործերին, ապա ստեղծում են կրոն՝ հիմնավորելու իրենց վարքագծերը: Այսպիսով, սովորական հերթականությունը լինում է՝ տնտեսություն, ապա քաղաքականություն, ապա էթիկա ու կրոն:
1. Տնտեսություն
2. Քաղաքականություն
3. Էթիկա
4. Կրոն
Այդ տեսակի կրոնը կազմվում է այնպիսի սխալ սկզբունքներով, որ ճշմարտության նշույլ իսկ չի պարունակում իր հայեցակարգում։
Եկեղեցին պետք է կանգնի հանուն աստվածաշնչյան ճշմարտության՝ ոչ միայն մերժելով հասարակության մեղքերը, այլև բացատրելով ու ցույց տալով, թե ինչպիսին պետք է լինի հասարակությունը: Եթե քրիստոնյաները չեն կարողանում բացատրել և ցույց տալ, թե ինչ պետք է անի հասարակությունը, պետք է ակնկալենք, որ մարդիկ, ովքեր անտեղյակ են աստվածաշնչյան ճշմարտություններին, չեն կարողանա կիրառել դրանք:
Քրիստոնյաները չպետք է միայն քննադատեն իրենց հասարակությանը, այլև հասարակության մի մասը պետք է կազմեն։ Քրիստոնյաները պետք է ակտիվորեն ներգրավվեն իրենց համայնքներում և լինեն արդարության ջատագովներ: Քրիստոնյաները միշտ պետք է բարոյական բարձր արժեքներ դրսևորեն իրենց բոլոր գործերում և այդպիսով ազդեն ուրիշների վրա՝ հանուն արդարության: Նրանք պետք է մասնակցեն երկրի կառավարմանն ու հասարակական կազմակերպությունների գործունեությանն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք կարող են դա անել՝ չխախտելով քրիստոնեական սկզբունքները: Եթե թույլատրվում է, նրանք պետք է մասնակցեն քվեարկություններին և որևէ պաշտոնի համար սատարեն այն թեկնածուներին, ովքեր ամենաշատն ունեն քրիստոնեական բնավորություն ու արժեքներ:
► Եկեղեցու վրա հասարակական ճնշման ի՞նչ օրինակ գիտեք, երբ եկեղեցին կայացնում է ոչ թե սուրբգրային ճշմարտության վրա հիմնված որոշումներ, այլ՝ հանուն տնտեսական բարեկեցության։
Քրիստոնյաները և մարդկային իշխանությունների օրենքները
Քրիստոնյաները պատմության ընթացքում մաքառել են՝ իմանալու, թե ինչպես հետևեն քրիստոնեական սկզբունքներին, երբ իրենց իշխանությունները հետևում են այլ սկզբունքների: Երբեմն հակառակությունը դաժան է լինում, իսկ քրիստոնյաները հալածվում ու չարչարվում են իրենց համոզմունքների համար, քանի որ չեն կարող անել այն, ինչ պահանջում է իշխանությունը:
Աստվածաշունչն ասում է մեզ վճարել հարկերը, որոնք պահանջվում են պետության կողմից (Հռոմեացիների 13.7, Մատթեոսի 22.21):
Աստվածաշունչը մեզ պատվիրում է հնազանդվել մեր երկրի օրենքներին (Տիտոսի 3.1): Այնուամենայնիվ, Աստվածաշունչը նաև պատվիրում է, որ մենք պետք է հնազանդվենք Աստծուն, երբ Աստծո պատվիրանները հակասում են մարդկանց օրենքներին (Գործք Առաքելոց 5.29):
Իշխանությունը կարող է ժողովրդից պահանջել, որ պատերազմեն ինչ-որ անարդար ու անազնիվ պատճառներով: Իշխանությունը կարող է պահանջել նորածինների մահը՝ բնակչության գերաճը նվազեցնելու նպատակով։ Իշխանությունը կարող է պահանջել, որ բնակչությունը մասնակցի որևէ էթնիկ խմբի ստրկացմանը կամ ոչնչացմանը։
Երբեմն խնդիրները վերաբերում են կրոնական երկրպագությանը: Քրիստոնյաները կարող են հալածվել, երբ չեն երկրպագում իրենց ընտանիքի կամ ցեղի աստվածներին: Քրիստոնյաները կարող են հալածանք կրել, երբ նրանց իշխանությունը հավանություն է տալիս այլ կրոնի։
Որոշ երկրներ օրենքներ ունեն ավետարանչության և Աստվածաշնչի ուսուցման դեմ։ Քրիստոնյաները հալածվում են, երբ Ավետարանն են քարոզում: Որոշ երկրներ պատժում են ծնողներին, ովքեր իրենց երեխաներին սովորեցնում են Աստծո մասին։
Մենք Աստվածաշնչում ունենք հավատի մարդկանց օրինակներ, ովքեր չեն ենթարկվել թագավորներին անիրավ հրամաններին: Դանիելը շարունակեց աղոթել նույնիսկ այն ժամանակ, երբ աղոթքն անօրինական համարվեց (Դանիել 6.10)։ Դանիելի երեք ընկերները հրաժարվեցին երկրպագել թագավորի կուռքին (Դանիել 3.16-18)։ Իսրայելացի մանկաբարձները չհնազանդվեցին փարավոնին, երբ նա հրամայեց սպանել իսրայելացի նորածիններին (Ելք 1.17)։
Պատմության ընթացքում քրիստոնյաները ավետարանել են նույնիսկ այն ժամանակ, երբ դա անօրինական է համարվել: Քրիստոնյաներն անօրինական ճանապարհով Աստվածաշունչ են տարել որոշ երկրների սահմաններից ներս: Քրիստոնյաները հավաքվել են ծածուկ երկրպագության ու աղոթքի: Քրիստոնյաները, առանց բռնության, արգելափակել են արհեստական վիժեցում իրականացնող կլինիկաները: Քրիստոնյաներն օգնել են փախուստի մեջ գտնվող ստրուկներին:
Քրիստոնյաներից շատերը նախընտրում են իրենց կյանքը խաղաղ ապրել և նման որոշումների չբախվել: Այնուամենայնիվ, եթե քրիստոնյան կանգնած է բարոյական երկընտրանքի առաջ, նա պետք է անի այն, ինչ ճիշտ է, նույնիսկ եթե դա պահանջում է զոհաբերություն: Եթե նա հնարավորություն ունի՝ կանխելու անարդարությունը կամ Բարի Լուրը հայտնելու, նա լուրջ որոշում է կայացնում, երբ վճռում է գործել, թե՝ ոչ:
► Կարո՞ղ եք նկարագրել ձեր երկրի մի օրենք, որ իրավական երկընտրանք կարող է առաջացնել քրիստոնյաների համար:
Կաշառակերություն
Մի հովիվ ճանապարհորդում էր օտար երկրում։ Նա ուներ համապատասխան փաստաթղթեր, սակայն մի քանի անգամ ոստիկանները կանգնեցրին նրան և մի փոքր գումար ուզեցին։ Նրանց գումար չտալու դեպքում նրանք կձգձգեին նրա ուղևորության ընթացքն ու անախորժություն կառաջացնեին:
► Ի՞նչ պետք է անի հոգևոր հովիվն այս իրավիճակում:
Կաշառքը փող է, որը տրվում է պաշտոնատար անձի վրա ազդելու համար, որպեսզի նա ինչ-որ թույլտվություն տա։ Սխալ է մարդուն կաշառելը, որպեսզի նա անի մի բան, որը չպետք է անել (Բ Օրենք 16.19)։ Օրինակ, եթե շենքը կամ մեքենան չի բավարարում պատշաճ պահանջներին, սխալ է տեսուչին կաշառելը, որպեսզի ստորագրի մի բան, որը չի համապատասխանում ճշմարտությանը: Անարդար դատելու համար դատավորին կամ ոստիկանին կաշառելը սխալ է։
Երբեմն պաշտոնատար անձը կաշառք է պահանջում, որպեսզի անի այն, ինչ պարտավոր է անել: Այդ դեպքում վճարողը նրան գումարը չի տալիս, որպեսզի ինչ-որ անօրինական բան անի։ Սխալը պաշտոնյայի կողմից դա պահանջելն է (Ղուկասի 3.4), բայց վճարողը կարող է այլընտրանք չունենալ: Օրինակներ կարող են լինել թույլտվություն ստանալը մի բանի համար, որ պետք է թույլատրվեր, կամ ստանալ անմեղ մարդու ազատությունը: Երբեմն կաշառքը նման է կողոպուտի։ Կողոպուտը սխալ է, բայց զոհին չենք մեղադրում։
Աստվածաշնչյան գրվածքներն ուշադիր քննելը ցույց է տալիս, որ Աստված դատապարտում է նրանց, ովքեր կաշառք են վերցնում, բայց ողորմած է նրանց հանդեպ, ովքեր ստիպված են վճարել այն (Ելք 18.21, 23.8, Բ Օրինաց 10.17, 16.19, 27.25): Քրիստոնյաները երբեք չպետք է կաշառք տան հարմարավետության համար, բայց նրանք մեղավոր չեն, երբ նրանց ստիպում են կաշառակեր պաշտոնյաները:
►Ո՞րն է սխալ կաշառքի օրինակ։
Զինվորական ծառայություն
Շատ քրիստոնյաներ կարծում են, թե սխալ է իրենց երկրի համար որպես զինվոր ծառայելը: Նրանք իրենց համոզմունքը հիմնում են սուրբգրային որոշակի դրույթների վրա: Հիսուսն ասաց, որ պետք է շրջենք մյուս այտը, երբ ինչ-որ մեկը հարվածում է մեզ (Մատթեոսի 5.39): Հիսուսն ասաց, որ իր ծառաները չեն կռվում, քանի որ Նրա թագավորությունն այս աշխարհից չէ (Հովհաննեսի 18.36): Պողոս առաքյալն ասում է, որ մեր զենքերը ֆիզիկական չեն (Բ Կորնթացիների 10.4): Այդ քրիստոնյաները հավատում են, որ ցանկացած բռնություն այլ մարդկանց նկատմամբ սխալ է: Այդ քրիստոնյաներից շատերն ապրում են այն երկրներում, որտեղ պետությունը սահմանափակում է քրիստոնյաների ազատությունն ու հալածում է իրենց:
Այլ քրիստոնյաները հավատում են, որ մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր երկիրը՝ որպես զինվորներ: Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված է կարգել իշխանությունները, և որ նրանք կարող է զենք գործածել չարագործներին պատժելու համար (Հռոմեացիների 13.4)։ Կարծես ակնհայտ է, որ Աստված նախատեսել է, որ տղամարդը պաշտպանի իր ընտանիքը, և, հետևաբար, բնական է թվում, որ տղամարդիկ պետք է կազմակերպված լինեն՝ պաշտպանելու իրենց ընտանիքները զինված հարձակումներից: Երբ մի զինվորական հարցրեց Հովհաննես Մկրտչին, թե ինչպես ապաշխարել, Հովհաննեսը նրան ասաց, որ կաշառք չվերցնի և անձնական բռնություն չկիրառի, բայց չասաց, որ թողնի բանակը (Ղուկասի 3.14): Երբ Հիսուսն ասաց մյուս այտը շրջել, նա չէր ասում չպաշտպանվել հարձակումից, այլ որ մենք չպետք է վրեժխնդիր լինենք այնպիսի վիրավորական գործողության համար, ինչպիսին ապտակն է: Նա ասաց, որ իր ծառաները չեն պայքարում Իր համար երկրային թագավորություն հաստատելու համար, քանի որ Նա այդպես չի հաստատելու Իր թագավորությունը։ Եթե երկրի պետական իշխանությունն Աստծո գաղափարն է, և եթե վերջինս պետք է պաշտպանի իր ժողովրդին, ապա ճիշտ է, որ քրիստոնյաները ծառայեն իրենց իշխանությանը՝ օգնելու վերջինիս կատարելու իր պարտականությունները:
Եկեղեցու դարավոր պատմության ընթացքում շատ ազգերի շատ քրիստոնյաներ ծառայել են բանակում, նույնիսկ մարտերի են մասնակցել, քանի որ հավատում էին, որ պետք է իրենց ազգը չար հարձակումից պաշտպանելու սուրբ պարտքը կատարեն:
Աշխարհի տարբեր երկրներում գտնվող քրիստոնեական եկեղեցիները համաձայնության չեն գալիս զինվորական ծառայության հարցում։ Կարևոր է, որ անձն աղոթքով քննի սուրբգրային խոսքերն ու ողջամտություն դրսևորի, ապա հավատարմորեն հետևի իր համոզմունքին:
► Ինչպե՞ս են ձեր երկրի եկեղեցիները պատասխանում զինվորական ծառայության անհրաժեշտության հարցին:
Խմբային քննարկում
Քրիստոնյաների գերակշռող մասը հիմնավորված կարծիք ունի այս հիմնահարցերի վերաբերյալ: Կարևոր է հասկանալ, որ տարբեր ժամանակներում և վայրերում քրիստոնյաներից շատերը համաձայնության չեն եկել այս հարցերի շուրջ: Մենք պետք է չդատենք ուրիշների դրդապատճառները՝ հիմնվելով նրանց կարծիքների վրա:
► Ինչպե՞ս պետք է գնահատենք մեր երկրում եկեղեցիների և իշխանությունների հարաբերությունները: Ինչ-որ բան պե՞տք է փոխվի:
Աղոթք
Երկնայի՛ն Հայր,
Շնորհակալություն, որ իշխանություններ ես կարգել պաշտպանություն և ազատություն ապահովելու համար: Օգնի՛ր ինձ հավատարիմ մնալ Քեզ՝ չնայելով մարդկային իշխանությունների անկատարությանը:
Օգնի՛ր ինձ պաշտպանել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, և օգնի՛ր, որ իմ սեփական հասարակության վրա ազդելու պարտականությունս ճիշտ կատարեմ:
Մենք սպասում ենք, որ այս երկրի վրա ամբողջությամբ հաստատես Քո թագավորությունը:
Ամեն։
Դաս 12. Առաջադրանքներ
(1) Աստվածաշունչը հիշատակում է բազմաթիվ պատմություններ այն մասին, որ Աստված գործում է պետական պաշտոնյաների միջոցով՝ իրականացնելու Իր նպատակներն Իր ժողովրդի կյանքում։ Առակների 21.1-ն ասում է. «Թագավորի սիրտը Տիրոջ ձեռքում է, ինչպես ջրի վտակները. Նա ո՛ր կողմը կամենա, այն կողմն էլ կշրջի այն»։ Ուսումնասիրելու նպատակով ընտրել այս դեպքերից մեկը.
Ծննդոց 41.14-49, 42.1-3, 45.4-7,
Եսթեր 4. 7-8,
Նեեմիա 1-2։
Գրե՛ք ձեր դիտարկումների մասին.
Ի՞նչ պիտի կատարվեր Աստծո ժողովրդի կյանքում։
Աստված ինչպե՞ս օգտագործեց ամբարիշտ տիրակալին Իր նպատակն իրագործելու համար։
Աստված ինչպե՞ս օգտագործեց աստվածապաշտ մարդուն Իր նպատակն իրագործելու համար։
(2) Ընտրե՛լ թեմաներից մեկը.
Քրիստոնեական ազդեցիկություն,
Քրիստոնեական և մարդկային օրենքներ,
Կաշառակերություն,
Զինվորական ծառայություն։
Նայե՛լ այս դասի սուրբգրային հատվածները, որոնք վերաբերում են ձեր թեմային: Մեկ էջ ծավալով գրե՛ք ձեր կարծիքը՝ հիմնվելով սուրբգրային մոտեցումների վրա:
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
No Changes – Course content must not be altered in any way.
No Profit Sales – Printed copies may not be sold for profit.
Free Use for Ministry – Churches, schools, and other training ministries may freely print and distribute copies—even if they charge tuition.
No Unauthorized Translations – Please contact us before translating any course into another language.
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom. We simply ask that you honor the integrity of the content and mission.