(1) Հասկանալ, թե Աստվածաշունչն ինչ նկատի ունի, երբ խոսում է «աշխարհի» մասին
(2) Ճանաչել այն ոլորտները, որոնցում աշխարհիկ արժեքներն ազդել են իր կյանքի վրա։
(3) Նկարագրել, թե ինչպես և ինչու պետք է տարբերվեն քրիստոնյայի և մեղավորի մտածելակերպերը։
(4) Բացատրել, թե քրիստոնյայի համար ինչ է նշանակում ազնիվ ու շիտակ կյանքով ապրել։
(5) Ցույց տալ, որ քրիստոնեական ճշմարտությունները պետք է կիրառվեն կյանքի բոլոր ոլորտներում։
Շիտակության քարոզիչ Հովհաննես Ոսկեբերանը
Ջոն (Հովհաննես) Քրիսոստոմը (370-ականներ)[1] բարեպաշտ հովիվ էր, ով հայտնի դարձավ որպես «Ոսկեբերան» իր զորավոր հռետորական քարոզչության շնորհիվ։ Նա շատ սիրված էր հասարակ մարդկանց կողմից և արևելյան Հռոմեական կայսրության ամենահայտնի քարոզիչն էր։ 398 թվականին նրան «առևանգեցին» ու տարան մայրաքաղաք Կոստանտինոպոլիս (մերօրյա՝ Ստամբուլ), որպեսզի ծառայի որպես հովիվ ու հովվապետ 100 000 անդամ ունեցող ազգային եկեղեցում։
Հովհաննեսը հայտնի էր իր անզիջում բնավորությամբ։ Նա օգտագործում էր իր պաշտոնը՝ ծառայելու ամբողջ քաղաքի կարիքները հոգալուն, ոչ թե միայն հարուստներին։ Նա կերակրել է աղքատներին, կառուցել է հիվանդանոցներ և օգնել է որբևայրիներին։ Նա առերեսում էր Փոքր Ասիայի եպիսկոպոսներին՝ նրանց ապականության և ֆինանսական սխալ կառավարման հարցերով և քարոզում էր ընդդեմ նրանց ամենաթողության ու անբարոյականության։ Կոստանտինոպոլսի վերնախավին նա զգուշացնում էր, որ թատրոն հաճախելը կկործանի նրանց։ Թատրոն գնալը նա համեմատում էր մահացու վիրուսի ազդեցության հետ։ Հովհաննեսն ասում էր.
«Եթե թատրոնում տեսնես անամոթ մի կնոջ, որ բեմի վրա սեթևեթում է համարձակ կեցվածքով ու գլուխը չծածկած, հագուստը ոսկով զարդարված՝ ցուցադրում է իր բարեմասնությունները, անբարո երգեր է երգում, պարելիս ձեռքերն ու ոտքերն այս ու այն կողմ է գցում ու անամոթ ճառեր ասում... և դու համարձակվում ես ասել, որ այդ ժամանակ մարդկայնորեն ոչինչ չի՞ պատահում քեզ հետ։ … Անգամ թատրոնի փակվելուց և բոլորի հեռանալուց շատ ժամանակ անց այդ պատկերները դեռևս լողում են քո աչքերի առաջ՝ նրանց խոսքերը, վարմունքը, հայացքները, քայլքը, կեցվածքը… նրանց անպարկեշտ վերջույթները, իսկ ինչ վերաբերում է քեզ, դու տուն ես գնում հազարավոր վերքերով պատված։ Բայց ո՛չ միայնակ. պոռնիկը գնում է քեզ հետ, թեև ո՛չ բացահայտ ու տեսանելի… այլ քո սրտում և գիտակցությանդ մեջ, և այնտեղ՝ քո ներսում նա բորբոքում է բաբելոնյան հնոցը… որում այրվելու են քո տան խաղաղությունը, քո սրտի մաքրությունը, ձեր ամուսնական երջանկությունը»:
Հարուստ քաղաքացիներին Հովհաննեսը զգուշացնում էր.
«Հիմարություն և հանրային խելագարություն է պահարանները հագուստով լցնելն ու թույլ տալը, որ մարդիկ, ովքեր ստեղծված են Աստծո պատկերով ու մեր նմանությամբ, մերկ ու ցրտից դողալով կանգնեն այնպես, որ դժվարությամբ կարողանան իրենց ուղիղ պահել… Դուք գեր ու հաղթանդամ եք, գինարբուքների մեջ եք մինչև ուշ գիշեր և քնում եք տաք ու փափուկ անկողիններում։ Իսկ չե՞ք մտածում, թե ինչպես եք հաշիվ տալու Աստծո պարգևները չարաշահելու համար… Որովհետև մեր փողը Տիրոջն է պատկանում, ինչ ձևով էլ այն կուտակած լինենք։ Ահա թե ինչու է Տերը թույլ տվել ձեզ ավելին ունենալ. ոչ թե նրա համար, որ վատնեք, այլ որպեսզի բաժանեք կարիքավորներին:
Հովհաննես Ոսկեբերանը, ի վերջո, աքսորվեց Սև ծովի արևելյան ափեր, սակայն ճանապարհին մահացավ (407թ.): Նրա վերջին խոսքերն էին. «Փառք Աստծուն ամեն ինչում: Ամեն»։
[1]Ջերալդ Սիթցեր (Gerald L. Sittser), Ջուր խորը ջրհորից (Water from a Deep Well), (Ինթերվարսիթի, 2007), 135
Աշխարհի աստվածաշնչյան գաղափարը
Հովհաննեսի Հովհաննես 17-Րդ գլխում գրված է Հիսուսի աղոթքն իր աշակերտների համար խաչելությունից կարճ ժամանակ առաջ: Այն արտահայտում է Նրա մեծ սերն ու մտահոգությունն իր աշակերտների համար։ Նա աղոթում է նաև նրանց համար, ովքեր կհավատան առաքյալների պատգամին (20-րդ խոսք), ուստի այսօրվա հավատացյալներն ընդգրկված են այդ աղոթքի մեջ:
► Ուսանողը խմբի համար կարդում է Հովհաննեսի 17.14-18 հատվածը:
Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց, որ Ինքն այս աշխարհից չէ։ Մենք գիտենք, որ Նա ի սկզբանե այս աշխարհից չէր. Նա Աստծո Որդին է, Ով երկիր եկավ Երկնքից: Սակայն երբ Նա հայտարարեց, որ Ինքն աշխարհից չէ, Նա չէր խոսում այն մասին, թե եկել է այս աշխարհից դուրս ինչ-որ տեղից: Նա ասաց, որ ինչպես Ինքը, այնպես էլ աշակերտներն այս աշխարհից չեն։ Հիսուսը խոսում էր մարդկանց մասին, ովքեր ծնվել էին երկրի վրա, ծնվել էին մարդկային ծնողներից ու մեծացել որպես իրենց երկրի քաղաքացիներ։
Այսպիսով, ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց, որ Իր աշակերտներն աշխարհից չեն։ Մենք պետք է հասկանանք, թե ինչի մասին է խոսում Աստվածաշունչը, երբ խոսքը վերաբերում է աշխարհին:
► Ուսանողը խմբի համար կարդում է Եփեսացիների 2.1-3 հատվածը:
Այս խոսքերը ցույց են տալիս, որ աշխարհի պես ապրելը նույնն է, ինչ Սատանայի առաջնորդությանը հետևելը: Մենք նաև տեսնում ենք, որ աշխարհի մարդիկ հետևում են իրենց մեղսալի ցանկություններին, և նրանք կհանդիպեն Աստծո բարկությանը: Հավատացյալները նոր կյանք են ստանում և այլևս չեն ապրում աշխարհի նման:
► Ուսանողը խմբի համար կարդում է Ա Հովհաննեսի 2.15-17 հատվածը:
Ա Հովհաննեսի թղթում «աշխարհ» բառն նույնականացվում է չարի գոյության հետ: Այն չպետք է սիրել, և ոչ էլ պետք է սիրել նրանում եղած բաները։ Աշխարհին բնորոշ են սխալ շարժառիթներն ու իղձերը։ Մեղսալի փափագները կոչվում են աշխարհի ցանկություններ:
Սատանան կոչվում է այս աշխարհի իշխանը (Հովհաննեսի 16.11): Դա չի նշանակում, թե աշխարհն իրավամբ պատկանում է նրան. նա Աստծո դեմ ապստամբության առաջնորդն է, և աշխարհի մարդիկ հետևում են նրան: Նա արդեն դատապարտված է, և մարդիկ, ովքեր համառորեն հետևում են նրան, նույնպես կդատապարտվեն։
Աշխարհի հետ բարեկամություն անել՝ նշանակում է թշնամություն անել Աստծո դեմ (Հակոբոսի 4.4):
Աշխարհը կազմված է միլիոնավոր սովորական, անկյալ մարդկանցից, որոնք բաժանված են Աստծուց և միավորված՝ իրենց ընդհանրությամբ: Նախ՝ նրանք սխալ հակումներ ու ցանկություններ ունեն։ Նրանք ավելի շատ են սիրում աշխարհիկ երևույթները, քան տիեզերքի Արարչին: Ա Հովհաննեսի 2.15-16-ում ասվում է. «Մի՛ սիրեք աշխարհը… որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից»։
Երկրորդ՝ նրանց սխալ հակումները հանգեցնում են սխալ վարքագծերի, այնպիսի ապրելակերպի, որը կենտրոնացած է ինքնաբավարարման վրա՝ հաճախ արդարության և ողորմածության հաշվին (Ամովսի 5.11-15, 21-24): Նրանք քայլում են իրենց ճանապարհներով, պահանջում են իրենց ուզածն ու որոշում, թե որն է ճիշտ ու սխալ իրենց համար: Թեև նրանք ունեն կրոնի բազմաթիվ ձևեր, բայց բոլոր նրանք, ովքեր աշխարհից են, իրենք իրենց (մարդկային ինտելեկտը, մարդկային իմաստությունը, մարդկային ախորժակները, մարդկային բարությունը, մարդկային ուժը) են դարձնում երկրպագության կենտրոն (Հռոմեացիների 1.25): Նրանք դժգոհում են Աստծո իշխանությունից և հետևում են կյանքի փիլիսոփայության, որն արդարացնում է իրենց որոշումները: Նրանք չեն ձգտում բացահայտել ճշմարտությունն ու հետևել դրան: Նրանք անում են այն, ինչ ուզում են, հետո ուղիներ են փնտրում՝ ապացուցելու, որ դա ճիշտ է:
Աշխարհի ոչ քրիստոնյա հոգեբաններն ու խորհրդատուները փորձում են օգնել մարդկանց՝ հաղթահարելու իրենց մեղավորության զգացումը՝ առանց ապաշխարության և Աստծո ներողամտությունն ընդունելու: Աշխարհի փիլիսոփաները փորձում են կյանքի իմաստն այնպես նկարագրել, որ դրանում Աստված չլինի: Աշխարհի գիտնականները փորձում են ամեն ինչի ծագումը բացատրել` ուրանալով Արարչին: Աշխարհի քաղաքական և հասարակական գործիչները փորձում են մեղքի բնական, բացասական հետևանքները կանխելու ուղիներ գտնել՝ միաժամանակ ժխտելով, որ մեղքն է իրական խնդիրը: Աշխարհի նորաձևության դիզայներներն աշխատում են ակնահաճո և ուշադրություն գրավող հագուստ արտադրելու վրա: Աշխարհի զվարճացողները կատակներ են անում մեղքի, բարոյականության և կրոնի վերաբերյալ: Աշխարհի հովիվները հավատում են մի աստծո, ով հանդուրժում է մեղքն ու գլխավորապես մտահոգված է ձեր հարստությամբ, երջանկությամբ և լավ ինքնագնահատականով:
Կողոսացիների 2.8-րդ խոսքը զգուշացնում է մեզ, որ թույլ չտանք փիլիսոփայությունը, խաբեությունն ու աշխարհի երևույթները թալանեն մեզ: Խարդախը կողոպտում է մեկին` վաճառելով կեղծ գաղափար: Սխալ գաղափարներով մարդկանց համոզելով՝ աշխարհը կողոպտում է նրանց՝ զրկելով Աստծո հետ հարաբերություններից, հոգևոր բարիքներից և երկնքից։
Աշխարհի փիլիսոփայական մտքերն ու «հարգելի» դրդապատճառները դրսևորվում են աշխարհին պատկանող մարդկանց ապրելակերպում: Աշխարհի խոսվածքը, վերաբերմունքը, հագուկապը, զվարճանքն ու վարքագծերը նրանց սրտի մեղսալիության արտահայտումն են:
Քրիստոնյաները չեն կարող հետևել իրենց հասարակության բարոյականությանը: Քրիստոնյաները պետք է տարբերվեն իրենց հասարակությունից։
Մշակույթները ձևավորվում են այն իրողության շնորհիվ, որին Աստվածաշունչն անվանում է՝ աշխարհ: Մեկ վայրում բնակվող մարդկանց սերունդները ձևավորում են մշակույթ: Նրանք ուզում են ունենալ տարբեր բարիքներ՝ անվտանգություն, բարեկեցություն ու կայուն ընտանիք, բայց այդ ամենին ձգտում են հասնել աշխարհիկ փիլիսոփայությամբ և Աստծո Խոսքին չենթարկվելու վճռականությամբ: Դա նշանակում է, որ քրիստոնյաները չեն կարող ամբողջությամբ հետևել սեփական մշակույթին: Որոշ մշակույթներ ավելի խորությամբ են կրել աստվածաշնչյան սկզբունքների ազդեցությունը, քան մյուսները, բայց ոչ մի ժողովրդի մշակույթն ամբողջովին քրիստոնեական չէ:
► Ըստ մինչ այժմ ուսումնասիրած նյութի՝ ի՞նչ են նշանակում Հիսուսի խոսքերն իր աշակերտների մասին, որ նրանք «աշխարհից» չեն։
Քրիստոնյա հավատացյալները չեն հետևում մեղսալի ցանկություններին և նկրտումներին: Ամեն ինչից առավել նրանք ուզում են հաճեցնել Աստծուն։ Նրանց նախասիրությունները փոխվել և շարունակաբար վերափոխվում են (Փիլիպպեցիների 1.9-11): Աստծո օրենքը գրվել է նրանց սրտերի վրա (Երեմիայի 31.33): Աստծո պատվիրանները ծանրություն չեն քրիստոնյաների համար, այլ՝ բերկրանք (Ա Հովհաննեսի 5.1-3, Սաղմոսներ 19.7-11): Քրիստոնյաներն ունեն հավիտենական առաջնահերթություններ (Մատթեոսի 6.33): Նրանց վարքը ցույց է տալիս, որ կամենում են դիմակայել գայթակղությանն ու ապրել մեղքին հաղթանակած կյանք:
Աշխարհի մարդիկ կարծում են, թե քրիստոնյաները տարօրինակ են, քանի որ նրանց չեն հետաքրքրում նույն բաները (Ա Պետրոսի 4.4): Հիսուսն ասաց, որ աշխարհն ատում է հոգևորապես տարբերվող մարդուն (Հովհաննեսի 17.14): Աշխարհը թշնամաբար է տրամադրված նրանց հանդեպ, ովքեր իրենը չեն: Աշխարհի մարդիկ չեն հասկանում իրենց, վրդովվում են արդարությունից և հանդիմանվում են իրենց մեղքերի համար: Ահա՛ թե ինչու Հիսուսն ասաց. «Աշխարհում նեղություն պիտի ունենաք» (Հովհաննեսի 16.33): Պողոս առաքյալն ասել է. «Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն» (Բ Տիմոթեոսի 3.12):
► Ուսանողը խմբի համար կարդում է Բ Կորնթացիների 6.14-18 հատվածը:
Աստվածաշունչը հավատացյալներին ասում է, որ տարբերվեն աշխարհից, ինչն սկսվում է մարդու վերաբերմունքից, ինչպես սովորեցնում է Հիսուսը Լեռան քարոզում: Այստեղ Նա նկարագրում է քրիստոնյայի վերաբերմունքը՝ որպես խոնարհության, մեղքի պատճառով տրտմության, հեզության, արդարության, ողորմածության, սրտի մաքրության, խաղաղության և հալածանքին դիմանալու պատրաստակամության վերաբերմունք: Հստակ ու տարբերվող վերաբերմունքը կհանգեցնի տարբերվող վարքի: Օրինակ՝ քրիստոնյաները չեն կարող ընկերակցություններ կամ հարաբերություններ ստեղծել, որոնք պահանջում են սխալ գործողություններ։ Աստված խոստանում է Հայր լինել նրա համար, ով տարբերվում է աշխարհից: Հիշե՛ք, մենք նայեցինք մի խոսք, որն ասում է, որ աշխարհի բարեկամը թշնամի է Աստծուն (Հակոբոսի 4.4):
► Ուսանողը խմբի համար կարդում է Մատթեոսի 5.13-16 հատվածը:
Աշխարհից տարբերվող և զատված լինել չի նշանակում, թե քրիստոնյաները պետք է առանձնանան հասարակությունից ու ձևավորեն իրենց սեփական համայնքները: Հիսուսը չէր աղոթում, որ Իր աշակերտները վերցվեն աշխարհից (Հովհաննեսի 17.15): Նա նաև ասաց, որ Իր աշակերտներն աղ ու լույս են աշխարհի համար, ինչը նշանակում է, որ նրանք պետք է ներկա և տեսանելի լինեն հասարակության մեջ։ Քրիստոնյան պետք է մասնակցի պետության և համայնքային գործերին, բացառությամբ այն դեպքերի, երբ մասնակցությունը նրանից պահանջում է որևէ սխալ գործողություն:
Ջերալդ Սիթցերը գրում է, թե ինչպես էր դրսևորվում այդ ամենը վաղ քրիստոնեության մեջ.
«Արիստիդեսը, աթենացի մի փրլիսոփա, ով …. ապրել է երկրորդ դարում, թվարկել է մի շարք հատկանիշներ, որոնցով քրիստոնյաներին տարբերվում էին հասարակության մնացած շերտերից: Քրիստոնյաները, նշել է նա, հավատարմության, ճշմարտացիության, գոհունակության, ծնողների հանդեպ հարգանքի, մերձավորների հանդեպ սիրո, մաքրության, հալածանքների մեջ համբերատարության և օտարների հանդեպ բարության օրինակ էին: Նրանք խնամք էին տածում որբևայրիների ու որբերի հանդեպ։ Նրանք անսովոր բարությամբ էին վերաբերվում նաև ստրուկներին։ «Նրանք ցանկացած ստրուկ տղամարդու կամ կնոջ համոզում են դառնալ քրիստոնյա՝ նրանց հանդեպ տածած սիրո շնորհիվ: Եթե նրանք իսկապես դառնում են քրիստոնյա, նրանք եղբայրներ են լինում՝ առանց խտրականության»[1] ։
[1]Gerald L. Sittser. Water from a Deep Well. (Downers Grove: InterVarsity Press, 2007), 54
Անկեղծ հավատ
Հակոբոսի նամակում շեշտադրվում է, որ իրական քրիստոնեական հավատը դրսևորվում է կյանքում։ Հակոբոսն ասում է, որ այն մարդը, ով լսում է Աստծո Խոսքը և չի կատարում այն, ինքն իրեն խաբում է (Հակոբոս 1.22)։ Ոմանք կարծում են, թե իրենք ավելի լավն են, քան մյուսները, քանի որ ավելի շատ քրիստոնեական ճշմարտություններ գիտեն (թեև չեն հնազանդվում դրանց), բայց դա ճիշտ չէ:
Հակոբոսն ասում է, որ որոշ մարդիկ կրոնավոր են, բայց նրանց կրոնն արժեք չունի։ Աստծուն գոհացնում է այն մարդու կրոնը, ով հոգում է ուրիշների կարիքները և իրեն անարատ է պահում աշխարհի աղտերից (Հակոբոս 1.27):
► Ուսանողը խմբի համար կարդում է Հակոբոսի 2.14-26 հատվածը:
Կան մարդիկ, ովքեր ասում են. «Քանի որ փրկությունը հավատով է և ոչ թե՝ գործերով, ուրեմն մեր վարքը կարևոր չի»: Նրանք կարծում են, թե հնարավոր է, որ մարդը փրկող հավատ ունենա, եթե նույնիսկ նույն վարմունքն ու ապրելակերպն ունի, ինչ անհավատը։ Հակոբոսի նամակի այս հատվածը խոսում է հենց նման մարդկանց մասին:
Հակոբոսն ասում է, որ հավատալիքը բավարար չէ. նույնիսկ դևերն ունեն ճիշտ հավատալիքներ, բայց նրանք Աստծո հետ ճիշտ հարաբերությունների մեջ չեն (19-րդ խոսք): Մարդը, ով հավատում է Աստծուն, բայց չի հնազանդվում Աստծուն, նման է նրան, ով լսում է Ավետարանը, բայց չի ապաշխարում:
21-րդ և 24-րդ խոսքերը մանրակրկիտ մեկնաբանելը կարևոր է: Դրանցում ասվում է, որ Աբրահամն արդարացավ գործերով, և որ մարդն արդարանում է գործերի և հավատի զուգակցմամբ: Կարծես թե՝ սա հակասում է այն գրվածքին, որում նշվում է, որ մարդը փրկվում է միայն շնորհով և ոչ թե գործերով (Եփեսացիներին 2.8-9, Գաղատացիներին 2.16, Հռոմեացիներին 3.28): Արդարացված եզրույթով Հակոբոսը նկատի չունի այն, որ մարդը փրկվում է հավատով ու գործերով, այլ այն, որ մարդը հավատով և գործերով ցույց է տալիս իր փրկված լինելը: Նա գործերով չի փրկվում, բայց եթե քրիստոնյայի պես չի ապրում, ապա փրկող հավատ էլ չի ունենում։ Հակոբոսն ասում է, որ մարդու հավատը մեռած է, եթե նա չունի հավատին համապատասխանող կյանք (26-րդ խոսք):
Հակոբոսն ասում է, որ ինչպես անհնար է, որ ծառը երկու տեսակի պտուղ տա կամ աղբյուրը՝ երկու տեսակի ջուր, այնպես էլ մարդը չպետք է կարողանա և՛ օրհնություն, և՛ անեծք խոսել (Հակոբոս 3.9-12): Մարդու վարքը պետք է հետևողականորեն համապատասխանի նրա քրիստոնեական հավատին:
Շիտակության գաղափարը
Հռոմեացիների 2.21-24-ում Պողոսը խոսում է հրեաների հետ, ովքեր կարծում էին, թե իրենք հեթանոսներից առավել են, քանի որ ունեին Գրվածքները, թեև չէին հնազանդվում դրան: Նա հարցնում է. «Դու, որ քարոզում ես չգողանալ, գողանո՞ւմ ես»։ Այնուհետև ասում է. «Դու, որ օրենքով պարծենում ես, օրենքը խախտելով Աստծուն անարգո՞ւմ ես»։ Այն իրողությունը, որ նրանք, որպես կրոնասեր մարդիկ, իրենց բարձրացնում էին, բայց լավ համբավ չունեին, պատճառ էր դառնում, որ հեթանոսներն անարգեին Աստծուն և Գրվածքները:
Անգլերեն շիտակություն բառը ծագում է ինտեգրել բառից: «Ինտեգրել» նշանակում է՝ ինչ-որ բան հաստատուն պահել ամբողջ համակարգի մեջ: Օրինակ՝ ազնիվ ու շիտակ մարդն իր ամեն վարմունքի և խոսքի մեջ կպահի ազնվությունը: Մարդը, ով ասում է, որ շիտակ է ու ազնիվ, բայց անազնիվ բան է անում, շիտակություն չունի:
Շիտակություն եզրույթը կարել է կիրառել մարդու բնավորության համար։ Որոշ լեզուներում այն օգտագործվում է նաև այլ նկարագրությունների համար, օրինակ՝ շենքի կառուցվածքի։
► Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում շենքի կառուցվածքի շիտակ լինելը:
Շենքի կանգուն մնալը կարևոր է, քանի որ այն պետք է կրի կառույցի ու ներսում կատարվող ցանկացած գործողության ծանրությունը: Եթե այն փլվի, մարդիկ և գույքը կարող են վնասվել, իսկ շենքի արժեքը կկորչի: Շենքի շիտակ լինելը ենթադրում է, որ ամբողջ կառույցը կառուցված է ամուր շինարարական նյութերով ու համապատասխան սկզբունքները:
Շենքի համար կարևոր ու լավ է նաև երկարաժամկետ կանգուն մնալը։ Տուն կառուցողը հույս է տածում, որ այն կանգուն կմնա իր ամբողջ կյանքի ընթացքում: Պետական կամ խոշոր բիզնեսի համար նախատեսված շենքերը մեծ ներդրումներ են պահանջում և, թերևս, ակնկալվում է, որ դրանք կանգուն կմնան մի քանի սերունդների շահագործման համար:
Եթե շենքը սկսում է թեքվել կամ փլվել, պատճառն այն է լինում, որ այն շիտակությամբ չի կառուցվել: Երբեմն շենքը վնասվում է երկրաշարժից, ու թեև այն դեռևս կանգուն է մնում, այլևս անվտանգ չի լինում։ Այն շիտակություն չի ունենում։
Կարևոր կառույցի շինարարությունն սկսելուց առաջ կազմվում է հատակագիծ՝ շենքի մանրամասնությունների գծագիրը: Ամենակարևոր դետալներն առնչվում են շենքի ամուր ու կանգուն մնալու հարցերին: Շենքի տարբեր մասերը պետք է միացված և փոխադարձաբար միմյանց պահող լինեն։
Կարևոր է, որ շինարարը կառուցելիս հետևի պլանին: Եթե նա կրճատի ծախսերը՝ բաց թողնելով կառույցի անհրաժեշտ մասերը, ապա շենքն անվտանգ չի լինի։
► Ի՞նչ է նշանակում՝ մարդը շիտակություն ունի:
Հիսուսն օգտագործեց շենքը շիտակությամբ կառուցելու օրինակը։ Նա ասաց, որ այն մարդը, ով լսում և հնազանդվում է Աստծուն, նման է նրան, ով իր տունը կառուցում է ժայռի վրա: Այդ տունը կանգուն է մնում, երբ փոթորիկներ են գալիս: Աստծուն չհնազանդվող մարդը նման է նրան, ով իր տունը կառուցում է ավազի վրա(Մատթեոս 7:24-27)։ Ճշմարտությունը միայն լսելն ու իմանալը բավարար չէ։
► Ուսանողը խմբի համար կարդում է Հակոբոսի 1.22-25 հատվածը:
Հակոբոսն ասում է, որ մարդ ինքն իրեն խաբում է, եթե լսում է Աստծո Խոսքը, բայց չի կատարում այն։ Նա խոսում է այն մարդու մասին, ով կարծում է, թե ինքը լավ անձնավորություն է, քանի որ գիտի աստվածաշնչյան ճշմարտությունը, չնայած որ հետևողականորեն չի ապրում դրանով: Այս մարդը շիտակություն չունի։
Հակոբոսն ասում է, որ երբ կարդում ենք Աստծո Խոսքը, մենք չպետք է նմանվենք մի մարդու, ով նայում է հայելու մեջ, բայց իրեն չի փոխում՝ տեսածի պատճառով։ Աստծո ճշմարտությունը վերափոխող է: Երբ նայում ենք Աստծո Խոսքին, տեսնում ենք մեր սխալները, և պետք է թույլ տանք, որ Աստծո Հոգին փոխի մեր բնավորությունն ու վարքը, որպեսզի դրանք համապատասխանեն Աստծո ճշմարտությանը:
Շիտակությունը դրսևորվում է ապրելակերպի մեջ։ Մարդը չպետք է բավարարված լինի իրենով, երբ գիտակցում է, որ իր վերաբերմունքը կամ վարքագիծը չի համապատասխանում Աստծո ճշմարտությանը:
Պտուղը քննելը
Հիսուսն ասաց, որ շատ սուտ մարգարեներ կգան: Սրանք մարդիկ են, ովքեր ցանկանում են կրոնասեր առաջնորդի կարգավիճակ ունենալ կամ ուզում են զբաղվել ծառայություններով, բայց չունեն քրիստոնեական բնավորություն։ Նա ասում էր, որ կարող ենք ճանաչել նրանց իրենց պտուղներով (Մատթեոսի 7.15-18): Պտուղը չի ենթադրում հաջողություն։ Պտուղը ծառի բնույթի բնական արգասիքն է: Մարդու պտուղը նրա փոխված էության դրսևորումն է իր ներքին ու արտաքին կյանքերում: Եթե մարդու մեջ չկան Հոգու պտուղները (Գաղատացիների 5.22-23, Բ Կորնթացիներին 13) կամ ապրում է մեղքի կյանքով, նա մեղսալի բնույթ ունի և ճշմարիտ հոգևոր առաջնորդ չէ (Ա Կորնթացիների 6.9-10, Բ Կորնթացիների 11.13-15):
Պետրոս առաքյալն ասում էր, որ հավատացյալի վրա չպետք է իշխեն նրա նախկին ցանկությունները, այլ նա պետք է սուրբ լինի ամեն ինչում (Ա Պետրոս 1.14-15):
Լավ պտուղը չի ենթադրում, որ մարդը հասկանում է, թե ինչպես կատարելապես կիրառի քրիստոնեական բոլոր սկզբունքներն իր վարքում: Մենք բոլորս Աստծո ճշմարտությունները հասկանալու գործընթացի մեջ ենք: Այգում աշխատող երեխան կարող է պոկել ու հանել սխալ բույսերը՝ առանց դրանք ճանաչելու: Աստված մեզ չի դատում չգիտակցված սխալների համար: Այնուամենայնիվ, շնորհը չի արդարացնում այն, որ մարդը հրաժարվում է ապաշխարել մեղքերից: Հովհաննես առաքյալն ասում է մեզ, որ մարդը մաքրվում է, եթե «լույսի մեջ է քայլում»՝ ապրելով ըստ ճշմարտության (Ա Հովհաննեսի 1.7):
Շիտակություն առաջնորդության մեջ
Առաջնորդներն այնպիսի որոշումներ են կայացնում, որոնցից մյուսներն ազատված են։ Առաջնորդի ունեցած պարտավորություններն ու հնարավորությունները գայթակղության բազում առիթներ են ստեղծում: Առաջնորդի որոշումները հատկապես կարևոր են նրանով, որ ազդում են մեծ թվով մարդկանց վրա:
Ծառայության առաջնորդը պետք է հիշի, որ ինքը, հետևելով Հիսուսի օրինակին, կանչված է՝ ծառայելու Աստծուն ու մարդկանց: Նրա նպատակը չպետք է լինի հայտնի աստղ դառնալը, որին գովում են ու ծառայում:
Եթե համայնքում լինում են մեծ թվով մարդիկ, ովքեր Աստծո անկեղծ երկրպագուներ չեն, նրանք փորձում են փոխել երկրպագության ծառայությունը՝ կենտրոնանալով կատարողականության վրա։ Նրանք ավելի մեծ տեղ են տալիս տաղանդին, քան հոգևոր կենտրոնացմանը: Նրանք ուզում են, որ գերազանց կատարողներն առաջնորդեն պաշտամունքը, այլ ոչ թե իրական հոգևոր առաջնորդները: Նրանց գրավում է զգայական կատարումը։ Նրանք պատրաստ են վարձել չապաշխարած երաժիշտների, ովքեր նույն ձևով պատրաստ են նվագել դիսկոներում և երկրպագությանը մասնակցելու որակներ չունեն: Հովիվը պետք է հետևի ու պահպանի եկեղեցու երկրպագությունն այնպես, որ այն գրավի ու ծառայի ճշմարիտ երկրպագուներին[1]։
► Եթե մեկն այցելի եկեղեցի կիրակի առավոտյան և տեսնի նույն երաժիշտներին, ում տեսել է դիսկոյում շաբաթ երեկոյան, ի՞նչ կմտածի եկեղեցու մասին:
Առաջնորդը կարող է գայթակղվել՝ իրեն համարելով բարոյականության սովորական կանոններից ազատված: Որոշ հովիվներ սխալ հարաբերություններ են ունենում իրենց համայնքի տղամարդկանց կամ կանանց հետ՝ ճիշտ իրենց մշակույթի աշխարհիկ առաջնորդների նման: Որոշ եկեղեցիներ սխալմամբ հանդուրժում են հովիվների անբարոյական վարքը նրանց կարգավիճակի պատճառով:
Հովիվը կարող է գայթակղվել՝ հավատալով, թե եկեղեցին իրենն է: Եթե նա այդպես է մտածում, ապա պաշտոնների է դնում այն մարդկանց, ովքեր հավատարիմ են իրեն, և ոչ թե այն պատճառով, որ Աստծո գործը լավ են անելու։ Այս տեսակի հովիվը բարեհաճում է իր հարազատներին և ցանկանում է նաև ընտրել, թե ով է ժառանգելու եկեղեցին իրենից հետո։ Նա քողարկում է եկեղեցում իրեն աջակցողների մեղքերն ու սխալները։ Նա եկեղեցու գումարներին և ունեցվածքին այնպես է վերաբերում, կարծես դրանք իրեն են պատկանում:
Եկեղեցու վկայությունը
Եկեղեցին կարող է ապականվել, երբ չի պահանջում ազնվություն ու շիտակություն։ Եթե համայնքը կիսում է աշխարհի ցանկությունները, ապա ընդունում է աշխարհի նման առաջնորդների։ Նրանք հանդուրժում են մեղքն իրենց հոգևոր առաջնորդների կյանքում: Նույնիսկ անկեղծ քրիստոնյաները կարող են հետևել մեղսալի առաջնորդներին, քանի որ չեն հասկանում շիտակության և բարի պտուղների անհրաժեշտությունը: Երբ ադպես է լինում, աշխարհի մարդիկ վերահսկողություն են վերցնում եկեղեցու վրա, և այն կորցնում է իր վկայությունը:
Պետրոսը զգուշացրեց, որ կեղծ հոգևոր առաջնորդները եկեղեցին կվերածեն գործի (Բ Պետրոսի 2.3): Երբ եկեղեցին համբավ է ձեռք բերում հասարակության մեջ, աշխարհիկ մարդկանց սկսում է հետաքրքրել եկեղեցում կարգավիճակ ստանալու միտքը: Նրանք սովորում են պաշտամունքի և կրոնական առաջնորդության ձևերը՝ առանց քրիստոնյա դառնալու: Եկեղեցին, որը չունի ճշմարիտ վարդապետություն, չի կարողանա ճանաչել նրանց [2]։
Հիսուսն օգտագործեց աղի օրինակը, որպեսզի բացատրի, թե ինչ է կատարվում, երբ եկեղեցին կորցնում է իր տարբերակիչ հատկանիշները (Մատթեոսի 5.13): Աղիությունը կորցրած աղը չի տարբերվում ավազից կամ մանրախճից:
Երբ եկեղեցին նմանվում է հասարակությանը, այլևս չի կարողանում փոխել հասարակությունը:
Աշխարհը ծաղրում է եկեղեցուն, երբ այն հետևում է աշխարհի օրինակին, ոչ թե աստվածաշնչյան ճշմարտությանը:
[1]Քրիստոնեական երկրպագության լիարժեք ուսումնասիրության համար տե՜ս Shepherds Global Classroom կայքի Introduction to Christian Worship դասընթացը, որը հասանելի է՝ https://www.shepherdsglobal.org/courses հղմամբ։
[2]Բ Պետրոսի 2-րդ գլուխը և Հուդայի գիրքը գրված են կեղծ հոգևոր առաջնորդների թեմայով։
Աստծուն ներկայացնելը
Աստվածաբանությունը մեր քրիստոնեական հավատալիքների համակարգն է, որը ներառում է Աստծո, մարդկության, մեղքի, Քրիստոսի և փրկության մասին վարապետական դրույթները: Աստծո մասին մեր հավատամքը հիմնարար դեր ունի մյուս բոլոր հավատալիքների համար:
Երբ Աստված սկսեց հայտնել Իրեն, Նրա հայտնության առաջին նպատակն այն էր, որ ցույց տա, թե ինչպիսի Աստված է Ինքը: Հիմնականում Աստված Ինքն Իրեն նկարագրեց որպես սուրբ: Եբրայերեն «սրբություն» (կադոշ) բառը Հին Կտակարանում հանդիպում է ավելի քան 600 անգամ: Օրինակ՝ Եսայիան Աստծո մասին խոսելիս Նրան բազմիցս կոչում է՝ «Իսրայելի Սրբին»։ Աստծո սրբությունը երկրպագության թեման էր (Սաղմոսներ 99.3, 5): Աստծո ժողովուրդը Նրան երկրպագում էր ոչ միայն զորության, այլև Նրա սրբության համար:
Աստված Իրեն հայտնեց նաև որպես սեր: Հին Կտակարանի առավել ազդեցիկ հատվածներից մեկը, որտեղ Աստված հայտնվում է Մովսեսին և Իսրայելին, Ելից 34.6-7-ն է: Աստված Իրեն նկարագրում է որպես՝ «…Տեր ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտությամբ, որ ողորմածություն եմ անում հազարավորների, որ ներում եմ անօրենություն, հանցանք և մեղք, բայց բնավ անպարտ չեմ թողնում հանցավորին…»։ Կարևոր է Աստծո սրբությունն ու սերը միասին պահելը: Աստծո էությունը նկարագրելու համար հաճախ օգտագործվող արտահայտությունը «Սուրբ սերն» է։ Քանի որ Աստված սուրբ է, Նա մեզանում սրբություն է պահանջում. քանի որ Աստված սեր է, նա ճանապարհ է ստեղծել մեզ համար, որ սուրբ դառնանք, ինչպես որ Նա է սուրբ:
Աստծո սրբությունը ցույց տվեց, որ մարդիկ ի վիճակի չեն ծառայելու և երկրպագելու Աստծուն՝ առանց շնորհքի միջոցով նախապես վերափոխվելու: Եսայիա մարգարեն տեսավ, որ ինչ-որ ընդհանրություն կա իր ու այն մեղավորների միջև, որոնց նա քարոզում էր. նա անմաքուր սիրտ ուներ (Եսայիայի 6.5): «Unclean lips» ներկայացնում էին սխալ խոսքերն ու արարքները, որոնք բխում էին անմաքուր սրտից։ Այդ անմաքրությունը թույլ չէր տալիս, որ Եսայիան Աստծո ներկայության մեջ լինի: Եսայիան չփորձեց արդարացնել իր վիճակըո՛չ էլ Աստված դա արեց։ Աստված շնորհով պատասխանեց մարգարեի խոստովանությանը. ոչ թե հանդուրժող շնորհքով, այլ մաքրագործող ու վերափոխող շնորհքով (Եսայիայի 6.6-7):
Իսրայելի Աստվածը տարբերվում էր կեղծ աստվածներից և պահանջում էր այլ տեսակի երկրպագություն։ Սաղմոսներ 24-ում Դավիթ թագավորը հարց է տալիս. «Ո՞վ է կանգնելու Նրա սրբավայրում» (3-րդ խոսք): Նա հարցնում էր. «Ո՞ւմ է Աստված ընդունում որպես երկրպագու»։ Այնուհետև նա պատասխանում է. «Նա, ով մաքուր ձեռքեր և անբասիր սիրտ ունի» (4-րդ խոսք): Ոչ բոլորն են ընդունվում որպես Աստծո երկրպագուներ: Երկրպագողը պարզապես մեկը չէ, ով կարող է ձեռքերը բարձրացնել ու զգացումներ ունենալ: Մեղավոր մարդը չի համապատասխանում դրան[1]։
Աստված ասաց, որ Իր սրբությունն Իր պահանջի հիմքն է, որ Իր երկրպագուները սուրբ լինեն: «Սո՛ւրբ եղեք, քանզի սուրբ եմ ես՝ ձեր Տեր Աստվածը» (Ղևտացիների 11.44-45, 19.2, 20.26, 21.8): Աստված այնպիսի աստված չէր, ինչպիսին հին արևելյան աստվածություններն էին կամ ավելի ուշ հանդես եկած հունական և հռոմեական դիցաբանության աստվածները: Այդ աստվածների մասին առասպելները նրանց նկարագրում էին որպես ապականված, խաբեբա և դաժան։ Այդ աստվածներն ունեին մարդկային բնավորության բոլոր արատները: Ինչպես պատի վրայի ստվերները, դրանք մարդու կերպարի չափազանցված աղավաղումներ էին։ Այդ աստվածները բարոյական կամ բնավորության չափանիշներ չէին պահանջում, իսկ նրանց երկրպագուները չար ու դաժան էին։
Իսրայելի Աստվածը մարդու կերպարի պրոյեկցիան չէ: Նա երևակայական չէ, այլ Իրեն հայտնել է մարդկանց։ Նա տարբերվում է, և դրա համար էլ Նրա երկրպագուները պետք է տարբերվող լինեն։
Աստծո ընտրած չափանիշը կրկնվում է Նոր Կտակարանում. «Այլ ինչպես որ ձեզ կանչողը՝ Աստված, սուրբ է, դուք էլ սուրբ եղեք ձեր ամբողջ կյանքով, քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, քանի որ սուրբ եմ Ես» (Ա Պետրոս 1.15-16): Ամբողջ կյանքով ասվածը վերաբերում է դիրքորոշումներին, վարքագծերին, վերաբերմունքին՝ կյանքի յուրաքանչյուր ոլորտին: Աստված միայն չի ասում, որ իր երկրպագուները ծիսականորեն սուրբ լինեն կամ «սուրբ» կոչվեն, եթե նրանք իրականում այդպիսին չեն։ Նա ակնկալում է, որ Իր երկրպագուները իսկապես սուրբ կյանքով ապրեն:
Մեր դիրքորոշումն ու վերաբերմունքը ցույց են տալիս, թե ինչ ենք մտածում Աստծո և Նրա հետ ունեցած հարաբերությունների մասին: Պողոս առաքյալն ասում էր, որ հրեաները, ովքեր հպարտանում էին Աստծո օրենքն ունենալով, անարգեցին Աստծուն՝ խախտելով այն: Նրանց վարքի պատճառով մարդիկ վատ բաներ էին ասում նրանց և նրանց Աստծո մասին (Հռոմեացիների 2.23-24):
Ինչպիսի՞ Աստծո ես դու ներկայացնում: Ինչպիսի՞ն է քո Աստվածը մարդկանց կարծիքով: Եթե ուզում եք մարդիկ իմանան, որ Աստված սուրբ է, ինչպես նաև ներողամիտ ու ողորմած, ապա նրանք պետք է տեսնեն, որ դուք այդպիսին եք:
Եկեղեցիները կարիք ունեն, որ իրենց հովիվները հետևողական և հիմնավոր վարդապետություն ուսուցանեն: Հովիվը չպետք է անտեսի հիմնարար վարդապետությունը: Յուրաքանչյուր սերունդ և բոլոր նորադարձները պետք է լսեն դա: Նույնիսկ հասուն քրիստոնյաներին է հարկավոր հիշեցնել դա։ Հովվի քարոզները չպետք է լինեն միայն զգացմունքային, դինամիկ կատարումներ՝ ոգևորություն առաջացնելու համար: Նա պետք է նկարագրի Աստծուն և բնութագրի, թե քրիստոնեական կյանքն ինչպես պետք է համապատասխանի Աստվածաշնչի Աստծո հայեցակարգին՝ իր բոլոր մանրամասնություններով:
Եկեղեցին պետք է վերափոխի հասարակությունը և մշակույթը, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ Աստծո մասին մեր աստվածաշնչյան հայեցակարգը մանրամասնորեն կիրառվի մեր կյանքի բոլոր կողմերի վրա:
[1]Քրիստոնեական երկրպագության լիարժեք ուսումնասիրության համար տե՛ս Shepherds Global Classroom կայքի «Քրիստոնեական երկրպագության ներածություն» դասընթացը, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.shepherdsglobal.org/courses
Խմբային քննարկում
► Այս դասի ո՞ր գաղափարներն էին ձեզ համար նոր: Ինչպե՞ս եք պլանավորում փոխել քրիստոնեական ապրելակերպի նկատմամբ ձեր մոտեցումները։
► Ո՞րն է այն գաղափարը, որն ըստ ձեզ, սովորաբար անտեսվում է ձեր մշակույթի եկեղեցիներում: Ինչպե՞ս կբացատրեք այդ գաղափարը ծանոթ մեկին:
Աղոթք
Երկնայի՛ն Հայր,
Ես ուզում եմ պատվել Քեզ այնպիսի կյանքով, որը համապատասխանում է Քո էությանը: Ես ուզում եմ ներկայացնել Քեզ մի աշխարհում, որը չի հնազանդվում Քեզ:
Իմ կյանքը դարձրո՛ւ քո ճշմարտությանը համահունչ: Օգնի՛ր ինձ պատրաստակամորեն փոխելու այն ամենը, որ չպիտի լինի քրիստոնյայի կյանքում:
Շնորհակալություն Քո զորացնող Հոգու և վերափոխող շնորհքի համար:
Ամեն։
Դաս 1. Առաջադրանքներ
(1) Մեկ պարբերությամբ գրե՛ք աշխարհիկ այն արժեքի մասին, որն ազդել է ձեր մտածելակերպի կամ վարքագծի վրա ոչ վաղ անցյալում: Այնուհետև գտե՛ք կյանքի այդ կողմին վերաբերող սուրբգրային երկու խոսք և գրի առեք դրանք: Գրե՛ք մեկ պարբերություն այն մասին, թե ինչպես պետք է սկսեք ապրել՝ հնազանդվելով սուրբգրային այս խոսքերին:
(2) Ուսումնասիրե՛ք Տիտոսի 2.11-14-ը։ Այս հատվածի հիման վրա պատրաստեք հակիրճ ելույթ քրիստոնեական շիտակության մասին: Օգտագործե՛ք այս հատվածը՝ բացատրելու, թե ինչու պետք է աստվածաշնչյան ճշմարտությունները մանրամասնորեն կիրառվեն կյանքի բոլոր մասերում։ Ելույթով ներկայացե՛ք հաջորդ դասաժամի սկզբին:
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
No Changes – Course content must not be altered in any way.
No Profit Sales – Printed copies may not be sold for profit.
Free Use for Ministry – Churches, schools, and other training ministries may freely print and distribute copies—even if they charge tuition.
No Unauthorized Translations – Please contact us before translating any course into another language.
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom. We simply ask that you honor the integrity of the content and mission.