Աֆրիկացի մայրը տնից դուրս եկավ՝ ստուգելու իր փոքրիկ տղայի վիճակը, որ խաղում էր ծառի տակ: Նա ցնցվեց՝ տեսնելով մեծ, թունավոր օձին, որ կախվել էր ծառից հենց որդու գլխավերևում: Օձը կարծես պատրաստվում էր խայթել տղային։ Մայրը գիտեր, որ եթե փորձի զգուշացնել որդուն, նա վեր կնայի՝ արագ հեռանալու փոխարեն: Բացատրելու փոխարեն, նա կանչեց որդուն. «Տղա՛ս, հենց հիմա ցած իջի՛ր գետնի վրա»։ Տղան տարակուսած էր, բայց քանի որ իրեն սովորեցրել էին հնազանդվել, այդպես էլ վարվեց։ Հետո մայրն ասաց. «Այդպես ցածր դիրքով մնա՛ ու սողալով արի՛ դեպի ինձ»։ Նա նորից հնազանդվեց և ապահովությամբ հեռացավ օձից:
Ինչո՞ւ տղան հնազանդվեց՝ չհասկանալով հրամանի իմաստը։ Նա հարգում էր մորը, որովհետև նրան արդեն սովորեցրել էին հնազանդվել, և խրատել էին, երբ չէր հնազանդվել։ Նա վստահում էր մորը՝ նաև իմանալով, որ մայրը սիրում է իրեն: Մենք պետք է լիովին հնազանդվենք Աստծուն ոչ միայն այն պատճառով, որ վախենում ենք նրա խրատներից, այլ որովհետև գիտենք, որ Նա սիրում է մեզ։
Սիրո շարժառիթը
► Ի՞նչ տեսակի արդյունքներ կլինեին, եթե մարդն ավելի շատ սիրեր Աստծուն: Կարող եք խորհել այդ մասին՝ ավարտելով այս միտքը. «Եթե ես ավելի շատ սիրեի Աստծուն, ես…»:
Աստծուն ավելի շատ սիրելու արդյունքը նկարագրված է Փիլիպպեցիների 1.9-11 հատվածում.
«Եվ այս եմ աղոթում, որ ձեր սերը ավելի ու ավելի աճի գիտությամբ ու ամեն հասկացողությամբ, որպեսզի դուք լավագույնը զանազանեք, որ Քրիստոսի օրը մաքուր լինեք ու անարատ, Հիսուս Քրիստոսի միջոցով արդարության պտուղներով լցված՝ Աստծու փառքի ու գովերգության համար»։
Այս հատվածը խոսում է հավատացյալի կյանքում շարունակվող մի գործընթացի մասին: Նրա սերը պետք է անընդհատ աճի: Աստծո հանդեպ նրա սիրո աճին զուգընթաց՝ զանազանելու կարողությունը, թե որն է լավագույնը, մեծանում է և ընդլայնվում։ Երբ նա տարբերում է, թե որն է լավագույնը, նա հարմարեցնում է իր կյանքը՝ կենտրոնանալով լավագույնի վրա։ Սա պետք է տեղի ունենա, որպեսզի քրիստոնյան լինի մաքուր և անբասիր:
Ինչպես նորածին երեխային է առջևում սպասում սովորելու և աճելու մի ամբողջ կյանք, այնպես էլ մենք՝ դարձի գալու պահին չենք հասկանում ամբողջ ճշմարտությունը, որը պետք է ուղեկցի մեզ ողջ կյանքում: Վերոնշյալ խոսքերում Պողոսը գրել է մարդկանց, ովքեր արդեն քրիստոնյա էին։ Այնուամենայնիվ, Պողոսն աղոթում է, որ նրանք շարունակեն Աստծուն ավելի շատ սիրել, և այդ սիրով ունակ լինեն ավելի լավ հասկանալ Աստծո կամքն ու հնազանդվել Իրեն:
Մենք պետք է ակնկալենք մեր կյանքի շարունակական բարելավում, քանի որ Աստված զանազանելու շնորհ է մեզ տալիս: Նա ուզում է, որ մենք լիակատար հնազանդություն մեջ լինենք մեր կյանքի բոլոր ոլորտներում, ոչ թե միայն կրոնական ծեսեր պահողներ լինենք:
Մենք չպետք է ենթադրենք, թե արդեն գիտենք այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ կյանքն ապրելու համար: Մենք չպետք է ձևացնենք, թե կատարել ենք մեր կյանքում անհրաժեշտ բոլոր “ծրագրային կարգավորումները”:
Որոշ ոլորտներ, որոնցում հավատացյալը պետք է բարեփոխվի
(1) Զգուշություն ազդեցության առումով (Առակների 22.1, Մատթեոսի 5.14 -16)
Արդյոք կա՞ն բաներ, որ անում եք, բայց չէիք ցանկանա, որ ուրիշներն անեին դրանք: Կհիասթափվե՞ք՝ տեսնելով, որ ձեր հովիվն անում է այն, ինչ դուք եք անում:
Արդյոք բավականաչափ վերահսկո՞ւմ եք ձեր զգացմունքներն ու ցանկությունները, որպեսզի անեք այն, ինչ պետք է, թե՞ երբեմն թույլ եք տալիս, որ ձեր զգացմունքները դրդեն ձեզ՝ վարվելու անհավատի պես:
(3) Առողջական խնամք (Ա Կորնթացիների 6.19, 10.31)
Դուք հոգո՞ւմ եք ձեր մարմնի մասին՝ որպես անփոխարինելի «գործիքակազմի»՝ ընծայված Աստծո համար գործելուն: Քանի որ ձեր մարմինը պատկանում է Աստծուն, այն չպետք է վնասվի: Դուք չպետք է անզգուշորեն վարվեք ձեր մարմնի ու օրգանիզմի հանդեպ:
(4) Ժամանցի ընտրություն (Կողոսացիների 3.17, Ա Կորնթացիների 6.12)
Արդյոք ձեր զվարճանքը միտվա՞ծ է ձեզ գայթակղությունների դեմ պայքարի մեջ դնելու՝ առաջ բերելով սխալ մտքեր կամ վարմունք: Զգուշացե՛ք այն ամենից, ինչը մեղքը ներկայացնում է որպես գրավիչ կամ զվարճալի երևույթ:
(5) Վարվելաձև (Հռոմեացիների 13.9, Կողոսացիների 3.19, Ա Տիմոթեոսի 2.8, Ա Պետրոսի 3.2)։
Հարգանքով վերաբերվեք բոլորին, քանի որ մարդիկ ստեղծված են Աստծո պատկերով և հավիտենական ապագա ունեն: Մարդիկ քաղաքավարություն դրսևորելու սովորույթներ ունեն։ Դուք պետք է սովորեք քաղաքավարի լինել այնպես, որ մարդիկ գնահատեն դա: Հարկավոր է բարություն ցուցաբերել նույնիսկ այն ժամանակ, երբ ինչ-որ մեկն արժանի չէ դրան:
(6) Աշխատանքի էթիկա (Առակների 20.23)
Դուք լիովին ազնի՞վ եք բոլոր գործերում: Արդյոք նկարագրո՞ւմ եք իրերն այնպես, ինչպես որ դրանք կան, թե՞ որևէ մեկին դրդում եք մտածել մի բան, որը ճիշտ չէ:
(7) Ճշտապահություն (Գաղատացիների 5.14)
Ժամանակը արժեքավոր ռեսուրս է, որը պետք է օգտագործենք Աստծո համար: Կարևորո՞ւմ եք ձեր և ուրիշների ժամանակը` հնարավորության դեպքում ճշտապահ լինելով ու ժամանակը ճիշտ տնօրինելով:
(8) Հագուստ (ա Տիմոթեոսի 2.9, Ա Պետրոսի 3.3-4)
Արդյոք ձեր հագուստը ցո՞ւյց է տալիս հետևյալ արժեքները.
Պարկեշտություն` մարմինը բավականաչափ ծածկելը,
Խոնարհություն` չփորձել հագուստով ավելորդ հիացմունք կամ ուշադրություն գրավել,
Գումարի ճիշտ տնօրինում` չգնել ավելի թանկ հագուստ, քան անհրաժեշտ է։
(9) Խոսվածք (Կողոսացիների 4.6, Եփեսացիների 4.29)
Արդյոք ձեր խոսակցությունը մաքո՞ւր է ու հարգալից Աստծո և ուրիշների հանդեպ: Շատ խոսքեր, որոնք աշխարհն օգտագործում է որպես բացականչություններ, բխում են Աստծո հանդեպ անպարկեշտ արտահայտություններից կամ եզրույթներից:
Իրականացնո՞ւմ եք ձեր հանձնառությունները: Կարո՞ղ են մարդիկ ակնկալել, որ ձեր ասածը կանեք: Միգուցե մոռանո՞ւմ եք ձեր խոստումները, եթե դրանք հարմար չեն կատարելու համար
Շատերը լուրջ չեն վերաբերում այն փաստին, որ իրենք “վերանորոգվելու” կարիք ունեն: Նրանք պատասխանատու են զգում միայն սուրբգրային պարզ պատվերների հարցում՝ չհասկանալով, որ դրանք բազմաթիվ կիրառություններ ունեն։
Մենք պետք է գիտակցենք, որ բարեփոխվելը կապված է Աստծո հանդեպ մեր սիրո աճի հետ: Մենք պետք է լրջորեն խորհենք այն խոսքերի շուրջ, որոնցով սկսել ենք այս դասը (Փիլիպպեցիների 1.9-11): Եթե մեր սերն աճում է, մեր զանազանելու կարողությունն ուբվարքագծի ճիշտ ընտրությունը պետք է բարեփոխվեն:
Խմբային քննարկում
► Ձեր կյանքում կատարած փոփոխության ի՞նչ օրինակ ունեք, երբ Աստված ցույց է տվել, որ ինչ-որ վերաբերմունքը, սովորությունը կամ արարքը լավագույն տարբերակը չէր:
► Ձեր ապրելակերպում կա՞ ինչ-որ բան, որը փոխել է պետք: Այդ քայլին կգնա՞ք։
► Դուք անո՞ւմ եք որևէ բան, որն Աստծուն միգուցե հաճելի չէ։
► Դուք պատրա՞ստ եք թույլ տալու Աստծուն, որ աղոթքով ցույց տա ամեն փոփոխություն, որը հարկավոր է կատարել ձեր կյանքում:
Եկեք որոշենք այս շաբաթ աղոթել բաց սրտով, որպեսզի Աստված կարողանա մեզ ցույց տալ Իր արժեքները և ցանկացած փոփոխություն, որը Նա ցանկանում է կատարել մեր կյանքում: Համաձա՞յն եք այդպես աղոթել: Հաջորդ շաբաթ ես ձեզ կհարցնեմ, թե արդյոք արել եք դա:
Աստվածաշնչյան սկզբունքների անձնական կիրառում
► Երբևէ նկատե՞լ եք տարբերություններ քրիստոնյաների միջև, հատկապես գործնական հարցերում, թե ինչ են անում և ինչ չեն անում: Ինչու՞ կան այս տարբերությունները, երբ նրանք կարդում են նույն Աստվածաշունչը: Քանի որ քրիստոնյաների միջև այդքան շատ տարբերություններ կան, մի՞թե իսկապես կարևոր է, թե ինչ ենք անում: Ինչո՞ւ։
Ոչ բոլոր քրիստոնյաներն են համաձայնում աստվածաշնչյան սկզբունքներով և արժեքներով ապրելու հարցերի շուրջ: Այնուամենայնիվ, քրիստոնյան պարտավոր է լրջորեն վերաբերել իր հավատալիքներին ու ապրել ըստ դրանց:
Վարքագծերը, ժամանցի ընտրությունը և հագուստը, բոլորն էլ ինչ-որ բան են ցույց տալիս սրտի ծածուկ ցանկությունների մասին:
Ահա մի քանի սկզբունքներ, որոնք յուրաքանչյուր հավատացյալ պետք է հիշի, երբ փորձում է զանազանել, թե ինչպիսի որոշում է հարկավոր կայացնել որոշակի իրավիճակներում:
Սկզբունքներ՝ կենսակերպին վերաբերող որոշումներ կայացնելու համար
(1) Մենք պետք է հնազանդվենք քրիստոնյաներին ուղղված Աստվածաշնչի բոլոր պատվերներին:
Մատթեոսի 5.19 - ում Հիսուսն ասում է.
«Արդ, ով այս պատվիրաններից ամենափոքրերից մեկն անգամ անտեսի և մարդկանց այդպես ուսուցանի, նա երկնքի արքայության մեջ ամենափոքրը կկոչվի։ Բայց ով կատարի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի»։
Մենք չենք կարող պարզապես ընտրել այն կետերը, որոնք կարևորագույնն են` մեր կարծիքով: Սուրբգրային ոչ մի պատվեր աննպատակ չէ այնքան, որ անտեսվի:
(2) Աստծո պատվերները մեր բարօրության համար են։
Բ Օրինաց 10.12-13.
«Արդ, ո՛վ Իսրայել, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը. միայն այն, որ վախենաս քո Տեր Աստծուց, ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, որ պահես Տիրոջ պատվիրաններն ու կանոնները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի»։
Սաղմոսներ 84.11.
«Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին»։
Աստված մեզանից չի խնայում որևէ բարիք և չի պատվիրում մի բան, որը վնասակար է մեզ: Մենք ավելի լավ վիճակում չէինք լինի առանց Նրա կողմից դրված սահմանափակումների: Մերժել Նրա ցուցումները նշանակում է՝ կասկածել Նրա իմաստությանն ու սիրուն: Մենք ապացուցում ենք, որ իսկապես հավատում ենք Աստծո բարությանն ու իմաստությանը, երբ հնազանդվում ենք Նրա Խոսքի հրահանգներին՝ մարդկային գաղափարներին հետևելու փոխարեն:
(3) Քրիստոնեական ազատությունն Աստծուն հնազանդությունից ազատվելը չէ:
Պողոսը դա գրեց քրիստոնյաներին Ա Կորնթացիների 9.21-ում.
«Օրենք չունեցողների հետ օրենք չունեցողի պես եղա, իբր ոչ թե ես Աստծու առաջ օրենք չունեի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի, որպեսզի օրենք չունեցողներին շահեմ»։
Մենք ազատված ենք օրենքից՝ թե՛ մովսեսական համակարգից, թե՛ Աստծո բարոյական պահանջներից՝ որպես արդարացման միջոց, որովհետև մենք փրկված ենք շնորհով և ոչ թե Աստծո պատվիրանները կատարելով: Մենք ազատված ենք նաև օրենքի դատապարտությունից, քանի որ մեր գործած մեղքերը ներված են։
Մենք, այդուհանդերձ, ազատված չենք Աստծուն հնազանդվելու պահանջից կամ սիրելու պարտավորությունից. «Որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայրնե՛ր։ Միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրո՛վ ծառայեք իրար» (Գաղատացիների 5.13): Ինչպես Ա Կորնթացիների 9.21-ն է (վերևում) ցույց տալիս, մենք Աստծո իշխանության ներքո ենք։ Նրա կամքը մեզ համար բացահայտված է Աստվածաշնչում:
Օրինապաշտությունը (կրոնավորությունը) հատուկ եզրույթ է, որը մարդիկ երբեմն օգտագործում են, երբ քննարկում են Աստծուն հնազանդվելու հետ կապված հարցերը: Կարևոր է հասկանալ այս բառի ճիշտ սահմանումը: Օրինապաշտությունը սխալ համոզմունք է ու ասում է, որ մարդը փրկվում կամ հասնում է հոգևոր հասունության՝ կատարելով որոշակի պահանջներ ու օրենքներ՝ շնորհքի փոխարեն: Այդուհանդերձ, օրինապաշտություն չէ, երբ մարդը հասկանում է, որ պետք է զգուշորեն հնազանդվի Աստծուն կյանքի բոլոր ոլորտներում, քանի որ ցանկանում է հաճեցնել Աստծուն:
(4) Եթե մենք սիրում ենք Աստծուն, ուզում ենք իմանալ Նրա կամքը, ոչ թե խուսափել դրանից:
Ա Հովհաննեսի 5.2-3-ն ասում է.
«Նրանով ենք ճանաչում, որ սիրում ենք Աստծու զավակներին, երբ սիրում ենք Աստծուն և նրա պատվիրանները պահում։ Որովհետև սա է Աստծու սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն»։
Երեմիայի 31.33-ն ասում է. «Այլ սա է այն ուխտը, որ այն օրերից հետո պիտի կապեմ Իսրայելի տան հետ… իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն»։
Նա, ով սիրում է Աստծուն, առաջին հերթին չի հարցնում. «Աստված կդատապարտի՞ ինձ դա անելու համար», այլ՝ «Ի՞նչն ավելի հաճելի կլինի Աստծուն» կամ՝ «Ո՞րն է ամենից գերազանց բանը» (Փիլիպպեցների 1.10, Տիտոսի 3.8)։
(5) Աստվածաշունչը հիմք է ստեղծում՝ հաստատելու հատուկ կանոններ մեր կյանքի համար։
Աստվածաշունչը միայն ընդհանուր սկզբունքներ չի տալիս։ Այս դասի առաջադրանքներում թվարկված են որոշ սուրբգրային հատվածներ, որոնք հիմք են տալիս քրիստոնեական կյանքն իմաստությամբ ու սրբությամբ ապրելու համար: Դրանցից որոշները հստակ ցուցումներ են տալիս քրիստոնեական ապրելակերպի վերաբերյալ։
(6) Մեր հավատքի ամենակարևոր մասն այն չէ, թե ինչ օրենքներով պետք է ապրել։
«Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը տալիս եք, բայց չեք պահում օրենքի ամենից ծանրակշիռ կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը. դրանք պետք էր կատարել, մյուսներն էլ՝ պահել»։
Այս խոսքը չի ասում, թե որևէ ճշմարտություն անկարևոր է, այլ որ որոշ բաներ ավելի կարևոր են, քան մյուսները: Մենք առավելապես պետք է խոսենք ամենակարևոր բաների մասին։
(7) Կանոնները պահելը բավարար չէ Աստծո հանդեպ մեր հնազանդությունը կամ սերն ապացուցելու համար:
Փարիսեցիների հետ նույն զրույցի ժամանակ Հիսուսն ասաց (Մատթեոսի 25-րդ խոսք).
«Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, բայց ներսից լի են հափշտակությամբ ու անժուժկալությամբ»։
Մարդ կարող է ապրել խիստ չափավորված ապրելակերպով, սակայն չսիրի Աստծուն կամ անգամ ամբողջությամբ չհնազանդվի Նրան։ Մյուս կողմից՝ մարդը կարող է սիրել Աստծուն իր ամբողջ սրտով, սակայն չհասկանա, թե ինչու պետք է սա կամ այն անել կամ չանել ։ Հետևաբար, ավելի խիստ բարոյական արժեքներ ունեցող մարդը պարտադիր չի, որ ավելի շատ հոգևոր հասունություն ունենա:
(8) Այլ մարդկանց վկայության հանդեպ եղած մեր վստահությունը չպետք է կախված լինի իրենց ապրելաոճում եղած չնչին մանրամասներից։
Հռոմեացիների 14.10-ում Պողոսը հարցնում է քրիստոնյաներին.
«Բայց դու ինչո՞ւ ես քո եղբորը դատում կամ ինչո՞ւ ես քո եղբորն անարգում. որովհետև բոլորս էլ Քրիստոսի ատյանի առջև ենք կանգնելու»։
Այս խոսքը մի հատվածում է, որը քննարկում է գործնական հիմնահարցերի վերաբերյալ քրիստոնյաների տարբեր տեսակետները: Կան անկեղծ տարաձայնություններ, թե քրիստոնյան ինչ պետք է անի և ինչ չպետք է անի:
Մեկ այլ հավատացյալ կարող է չհամաձայնել Սուրբ Գրքի որոշակի հատվածի մեր մեկնաբանության հետ կամ գուցե չտեսնի ինչ-որ բանի վնասակարությունը, որը մենք մերժել ենք: Հնարավոր է, որ Աստված աշխատում է նրա կյանքի տարբեր կողմերի վրա կամ Աստված նրան դրել է որևէ այլ մշակութային միջավայրում ու շրջապատում: Դա չի նշանակում, թե մարդը անկեղծ քրիստոնյա չէ:
► Ի՞նչ կարծիք ունեք այս արտահայտության վերաբերյալ. «Աստված բոլորին ցույց կտա ճշմարտությունը, թե ինչպես ապրել, հետևաբար, բոլոր քրիստոնյաները պետք է ունենան նույն սովորությունները:
Քրիստոնյաները երբեք համաձայնություն չեն եկել ապրելակերպի տարբեր գործնական հարցերի վերաբերյալ: Մարդիկ, ովքեր սիրում են Աստծուն և ապրում աստվածավախ կյանքով, ոչ միշտ են ընդունում միևնույն վարդապետական համոզմունքներն և դրանցից բխող արժեքները: Մեր կողմից սխալ է ասել, թե մյուսները քրիստոնյա չեն, քանի որ այլ կերպ են մեկնաբանում կամ կիրառում գրվածքները: Մենք կարող ենք նրանց ընդունել որպես անկեղծ քրիստոնյաների, թեև մտածում ենք, որ նրանց կարծիքը սխալ է: Սուրբ Հոգու գործը բոլոր քրիստոնյաներին միանման ապրելակերպի մղելը չէ:
Մենք պետք է բաց ու պատրաստ լինենք նաև սովորելու այլ քրիստոնյաներից ու իրենց որդեգրած հավատալիքներից: Հպարտությունը ստիպում է մեզ մտածել, որ մենք կամ մեր եկեղեցին կամ հարանվանությունը հիանալի կերպով մեկնաբանում կամ կիրառում են աստվածաշնչյան գրվածքները: Խոնարհ, սովորելու ունակ, ընդունող հոգին նպաստում է քրիստոնեական միասնությանը և Քրիստոսի մարմնի կերտմանը:
(9) Տարբեր կարծիքների հանդեպ հանդուրժողականությունը չի արդարացնում կարևոր հարցերի շուրջ սեփական անհոգությունը:
«…ամեն մեկը թող իր մտքի համոզմամբ վարվի» (Հռոմեացիների 14.5բ)։
«Իսկ նա, ով կասկածում է, որ եթե ուտի, դատապարտված է, հավատից չէ։ Ամեն բան, որ հավատից չէ, մեղք է» (Հռոմեացիների 14.23)։
Աղետալի արդյունքներ են լինում, երբ մարդ դեմ է գնում իր խղճին: Եթե մարդը որոշում է անել մի բան, որը սխալ է համարում, մեղավոր է: Օրհնություններ են լինում այն դեպքում, երբ մարդը քայլում է Աստծո տված լույսի մեջ (Ա Հովհաննեսի 1.7)։
Խմբային քննարկում
Այս թեմայի շուրջ քննարկումներ սկսելու դժվարություն չի լինի։ Գուցե որոշ ուսանողներ բարձրաձայնեն եկեղեցիների կողմից վարքի կանոններ պահանջելու անհրաժեշտության մասին: Մյուսներն էլ, թերևս, կընդգծեն տարբերությունները հանդուրժելու կարևորությունը:
Փորձե՛ք արդարացի ուշադրություն դարձնել վերը թվարկված ինը սկզբունքներից յուրաքանչյուրին:
► Այդ սկզբունքներից ո՞րն եք կարծում, որ շատերը մոռանում ու անտեսում են:
► Այդ սկզբունքներից ո՞րն եք ամենայն հավանականությամբ մոռանալու:
Աղոթք
Երկնայի՛ն Հայր,
Ես ուզում եմ, որ իմ սերը Քո հանդեպ անընդհատ աճի: Ուզում եմ ավելի լավ հասկանալ Քո կամքն ինձ համար:
Օգնի՛ր ինձ սովորել զանազանել, թե ինչն է Քեզ առավել հաճեցնում, որպեսզի կարողանամ ապրել անկեղծ և անբասիր կյանքով:
Օգնիր ինձ՝ տեսնելու այն սովորություններն ու դիրքորշումները, որոնք պետք է փոխել, և ձեռք բերել սովորություններ ու դիրքորոշումներ, որոնք փառավորում են Քեզ:
Ես ուզում եմ, որ իմ հավատքը պտղաբեր լինի Աստծո փառքի համար:
Ամեն։
Դաս 2. Առաջադրանքներ
(1) Ուսումնասիրել Ա Կորնթացիների 13-րդ գլուխը։ Այն նկարագրում է, թե ինչպես պետք է սեր ցուցաբերել այլոց հանդեպ: Թող Աստված ցո՛ւյց տա, թե որ ոլորտներում է Նա ցանկանում փոխել ձեզ, որպեսզի ձեր կյանքից ավելի շատ սեր բխի: Թվարկե՛ք որոշ փոփոխություններ, որոնց կատարելու հարցում Աստծո օգնության կարիքն ունեք։
(2) Ուսումնասիրե՛ք հետևյալ խոսքերը, որոնք հիմք են հանդիսանում քրիստոնեական պարկեշտ վարքագծի համար.
Ա Կորնթացիների 6.19-20,
Ա Կորնթացիների 10.31,
Ա Կորնթացիների 11.14-15,
Ա Տիմոթեոսի 2.9-10,
Ա Պետրոսի 3.3-4,
Սաղմոսներ 19.14,
Սաղմոսներ 101.3։
Գրե՛ք յուրաքանչյուր հատվածի հիմնական իմաստը: Նկարագրե՛ք ապրելակերպի այն կողմերի մանրամասնությունները, որոնք, ըստ ձեզ, պետք է կիրառել այդ սուրբգրային հատվածների պատճառով:
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
No Changes – Course content must not be altered in any way.
No Profit Sales – Printed copies may not be sold for profit.
Free Use for Ministry – Churches, schools, and other training ministries may freely print and distribute copies—even if they charge tuition.
No Unauthorized Translations – Please contact us before translating any course into another language.
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom. We simply ask that you honor the integrity of the content and mission.